
Լիտվայում վաղն անցկացվելու են նախագահական ընտրություններ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Լիտվայում այսօր «լռության օր» է` կիրակի նշանակված նախագահական ընտրություններին ընդառաջ: Լիտվայի ԿԸՀ-ը պարզաբանել է, որ օրենքով քվեարկության մեկնարկից 30 ժամ առաջ և քվեարկության օրն արգելվում է քարոզչություն իրականացնելը:
Բացառություն են կազմում որոշակի վայրերում թեկնածուների գովազդային պաստառները: Քվեարկությունը մեկնարկելու է մայիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 07.00-ին: Լիտվայում քվեարկելու իրավունք ունի 2.541.000 մարդ: Լիտվայի բնակչության քանակը կազմում է 3 միլիոնից քիչ ավելի:
Լիտվայի նախագահի պաշտոնին հավակնում է 7 թեկնածու, հիմնական հավակնորդը համարվում է գործող նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն: Լիտվայի նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով: