
Լիտվական ընկերությունը հայտարարել է ներկրվող ռուսական գազի գնի զգալի նվազման մասին

Լիտվական Delfi լրատվական գործակալության փոխանցմամբ` լիտվական Lietuvos dujos ընկերությունը, որը հանդիսանում է երկրի ներքին շուկայում գազի հիմնական մատակարար, վառելիքի ներկրման գնի նվազեցման շուրջ պայմանավորվել է ռուսական «Գազպրոմի» հետ:
Հայտնի չէ, թե Լիտվայում որչափ կէժանանա գազը, սակայն ընկերությունը հայտարարել է, որ դա կլինի զգալի չափով: Ոչ պաշտոնապես խոսք է գնում ընթացիկ գնի 20 տոկոսանոց նվազեցման մասին: Եթե այդ պնդումները համապատասխանեն իրականությանը, ապա լիտվական ընկերությունը 1000 խորանարդ մետր ռուսական գազի համար կվճարի 370 դոլար:
Սպառողների համար գինը կնվազեցվի հուլիսից: Դրա համար պահանջվում է էներգետիկ ու գների վերահսկողության լիտվական հանձնաժողովի հաստատումը: Lietuvos dujos ընկերությունը գազի մոտ 40 տոկոսը ներկրում է Ռուսաստանից: Ընկերության բաժնետոմսերի 37 տոկոսը պատկանում է «Գազպրոմին»: