Զինծառայողը փայտի կտորով քերծվածքներ է արել ձեռքին. նա դատապարտվել է կալանքի

Առաջին ատյանի դատարանը զինծառայողին մեղավոր է ճանաչել անդամախեղում կատարելու մեջ և նրան դատապարտել կալանքի: Նախաքննության ընթացքում նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ՀՀ ՊՆ ԵԿՀ-ի հոգեբուժական բաժանմունքի 1-ին հարկի զուգարանում կատարել է անդամախեղում, այն է` փայտի կտորով ձախ նախաբազկի ներսային մակերեսին քերծվածքներ կատարելու միջոցով իր առողջությանը պատճառել է վնաս, որը հանգեցրել է զինվորական ծառայության պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն (ՀՀ Քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մաս):

Դատարանի վճռում նշված է, որ ամբաստանյալը, համաձայնելով իրեն առաջադրված մեղադրանքի հետ, հայտնել է, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում, միջնորդել դատական քննությունն արագացված կարգով անցկացնել, նշելով, որ միջնորդությունը ներկայացնում է կամավոր, իր պաշտպանի հետ խորհրդակցելուց հետո, և գիտակցում է իր կողմից ներկայացված միջնորդության բնույթն ու հետևանքները:

Իր վճռում դատարանը նշել է, որ հանցանքի կատարման մեջ զինծառայողի մեղավորությունը հաստատվել է նախաքննության ընթացքում տված ինչպես՝ ամբաստանյալի խոստովանական, այնպես էլ՝ գործով վկաների՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքներով, դատաբժշկական փորձաքննության փորձագետի եզրակացությամբ, ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի եզրակացությամբ, որպես ապացույց ճանաչված այլ փաստաթղթերով` հեռախոսագրերով, մատյանի զննում կատարելու վերաբերյալ արձանագրությամբ, զեկուցագրով:

Դատարանը գտել է, որ ամբաստանյալը ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին համապատասխան հանցավոր արարք կատարելու համար ենթակա է քրեական պատասխանատվության: Ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել ինչպես՝ կատարած հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, այնպես էլ՝ ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները` այն, որ ամբաստանյալը երիտասարդ է, նախկինում դատված ու արատավորված չի եղել, մարտկոցի հրամանատարի կողմից բնութագրվում է բացասականորեն , ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի որոշմամբ նրա մոտ ախտորոշվել է «Մտավոր թերնորմալություն, էմոցիոնալ անկայունությամբ», ճանաչվել է պիտանի զինծառայության համար սահմանափակումով, իր բնակության վայրում համայնքի ղեկավարի կողմից բնութագրվում է դրականորեն:

Որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ դատարանը դիտել է այն, որ ամբաստանյալն առաջին անգամ հանգամանքների պատահական զուգորդմամբ է կատարել միջին ծանրության հանցանքը և զղջում է կատարածի համար: Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք դատարանը չի հայտնաբերել:

Առաջին ատյանի դատարանը գտել է, որ ամբաստանյալն իր կատարած հանցանքի համար ենթակա է պատժի, և, միաժամանակ, հաշվի առնելով հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, ինչպես նաև պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, հանգում է այն հետևության, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է պատիժը պայմանականորեն չկիրառելու, սակայն նրա վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու պայմաններում:

Դատարանի վճռով՝ զինծառայողը դատապարտվել է 1 ամիս ժամկետով կալանքի, սակայն նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել` սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով: Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնելու հրապարակումից 1 ամիս անց:

 

Տեսանյութեր

Լրահոս