Ում գրպանն են լցվում հարկերը՝ ըստ հարկատուների
Ժամանակին 168.am-ում նյութ էինք հրապարակել, որը վերնագրված էր՝ ինչո՞ւ չի ժպտում հարկատուն։ Հիմնական ասելիքն այն էր, որ ՀՀ քաղաքացիները խուսափում են (կամ փորձում են փուսափել) հարկերից ոչ թե այն պատճառով, որ օրիախախտ են կամ համաձայն չեն հարկային դրույքաչափերին, այլ՝ վստահ չեն, որ դրանք օգտագործվում են ըստ նպատակի ու արդյունավետ։
Այսինքն, եթե քաղաքացին տեսնում է, որ իր վճարած հարկերը ոչ թե գնում են պատշաճ հանրային բարիքների ապահովմանը (կրթական համակարգ, առողջապահություն, դատաիրավական համակարգ և այլն), այլ՝ ոմանց անձնական ունեցվածքի ավելացմանը, ապա բնական է, որ նա հակված է ամեն գնով թաքցնել հարկերը կամ քիչ ցույց տալ դրանք։
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից անցկացված Հարկվճարողներիընկալումներ» հետազոտության արդյունքները վկայում են, թե այդ ընկալումը որքան տարածված է հայ հասարակության շրջանում։ Այսպես, հարկերը նպատակային օգտագործելու վերաբերյալ հարցվածների 61 տոկոսի մոտ այն ընկալումն է, որ կառավարությունը ներկայումս հարկային գումարները օգտագործում է անձնական նպատակներով: Այդպիսի ընկալումը հատկապես սուր է արտահայտված Շիրակի, Արարատի ու Գեղարքունիքի մարզերում և պակաս սուր՝ Տավուշի մարզում:
Իհարկե, հարկերը չվճարելու այլ պատճառներ են նշվում՝ հարկային բեռը և այլն, սակայն գլխավոր խնդիրը թաքնված է հենց վստահության բացակայության մեջ։ Եթե քաղաքացիների 2/3-ը համոզված է, որ իր վճարած հարկերով հարստացնում է կոռումպացված չինովնիկին, ապա բյուջե լցնելը միշտ էլ դժվարին գործ է լինելու։ Քաղաքացուն ոչ թե պետք է ստիպել, այլ այնպես անել, որ նա վստահությամբ վճարի հարկերը ու դրա համար հպարտ զգա։ Մինչդեռ Հայաստանում հակառակն է տեղի ունենում։ Ու որպես արդյունք, ըստ նույն հետազոտության արդյունքների, հարցվածների միայն 35.4 տոկոսն է հպարտ եղել, որ հարկատու է, քանի որ դրանով նպաստում է հանրային խնդիրների լուծմանը: