Օբաման չի պլանավորում Նորմանդիայում հանդիպել Պուտինի հետ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի պլանավորել Նորմանդիայում դաշնակցային զորքերի ափհանման 70-ամյակի (հունիսի 6) կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառումների շրջանակներում հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը. «Չեմ կարծում, թե մենք հանդիպելու ենք նրա հետ՝ հաշվի առնելով տեղի ունեցող դեպքերը»: Հարֆն ընդգծել է, որ ԱՄՆ-ը մտադիր չէ հրաժարվել տոնական այդ միջոցառումներին մասնակցելուց:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե Պուտինը դիտարկում է Երկրորդ ճակատի բացման 70-ամյակի միջոցառումներին մասնակցելու հնարավորությունը, որոնց մասնակցելու են նաև Օբաման, Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա 2-րդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Ընդգծվում էր, որ դա կլիներ ուկրաինական ճգնաժամի սկսվելուց հետո Արևմուտքի առաջնորդների հետ Պուտինի առաջին հանդիպումը: