Ուորլիքի հայտարարությամբ ԱՄՆ-ն փորձում է հեռու պահել Ադրբեջանին ռուսական ազդեցությունից. ԳԱԼԱ
ԱՄՆ-ն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հնարավոր պատուհան է տեսնում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ելույթ է ունեցել և ներկայացրել այն վեց կետերը, որոնք էլ պետք է խաղաղության համաձայնագրի մաս կազմեն: Այս վեց կետերում քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով նորությունը միայն այն էր, որ դրանք ասվել են բարձրաձայն և շեշտվել է, որ դա արտացոլում է ԱՄՆ քաղաքական սկզբունքները, փոխանցում է ԳԱԼԱ-ն:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հրապարակած թարգմանությամբ Ուորլիքը դա ձևակերպել է այսպես. «Պետք է լինի միջանցք, որը կկապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի անվտանգ անցում ապահովվի, բայց այն չի կարող ընդգրկել Լաչինի ողջ շրջանը»: Դրան հաջորդող մյուս կետում էլ Ուորլիքը ասում է. «Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել և Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի»: Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը մեզ հետ զրույցում նշեց՝ իրենք այդ վեց կետերի հետ համաձայն չեն:
«Դրանք առաջարկվում են այնպես, որ կարծես 1988 թվականն ենք: Եթե դրանք 1988-ին առաջարկվեին, մենք դրանց վստահաբար կհամաձայնեինք, բայց երբ որ դրանից հետո Ադրբեջանը պատերազմ է սանձազերծել և տանուլ է տվել պատերազմը, փաստորեն ստեղծվել է նոր իրավիճակ, ինչը այդ տարրերը հաշվի չեն առնում»,- նշում է Կիրո Մանոյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: