Վլադիմիր Կարապետյանը՝ Վոլինկինի հայտարարությունների մասին. Կասկածում եմ, որ լրատվամիջոցը ճիշտ է մեջբերել փորձառու դիվանագետի խոսքերը
«Ես առհասարակ կասկածում եմ, որ լրատվամիջոցը ճիշտ է մեջբերել փորձառու դիվանագետի խոսքերը»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը՝ մեկնաբանելով Մոսկվայում հրապարակվող հայկական «Ноев Ковчег» ռուսալեզու պարբերականին տված ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հայտնի հարցազրույցը:
Հիշեցնենք, որ դեսպանը, մասնավորապես, ասել էր. «Վստահ եմ, որ Ռուստաստանը պետք է ավելի ակտիվորեն հայտարարի Հայաստանի տեղեկատվական դաշտում իր ներկայության մասին: Այս առումով որևէ կասկած չկա: Սակայն հավանաբար պետք է նաև այլ մեթոդներով զբաղվել Հայաստանում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս – հայկական հարաբերություններում: Ռուսաստանում, օրինակ, օրենք է ընդունվել, որը շատ հստակ կարգավորում է ՀԿ-ների գործունեությունը»:
«Կասկածում եմ, որ Հայաստանում կա որևէ հասարակական կազմակերպություն, որն ի վիճակի է սեպ խրել հայ-ռուսական բարեկամական հարաբերություններում: Ինչ վերաբերում է լրատվական դաշտի գործունեությանը և կարգավորումներին, ապա մենք ինքներս դժգոհություն ունենք լրատվական դաշտի ազատության վերաբերյալ և կարծում ենք, որ այն արմատական բարեփոխումների կարիք ունի՝ միջազգային ընդունված համապատասխան փաստաթղթերի շրջանակներում»,- ասաց Վ.Կարապետյանը: