Ուկրաինան ԵԱՀԿ-ից ստացել է իրավիճակի կարգավորման վերաբերյալ «ճանապարհային քարտեզ»
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինան ԵԱՀԿ-ից ստացել է երկրում ստեղծված իրավիճակի կարգավորման վերաբերյալ «ճանապարհային քարտեզ»: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ-ի տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը:
Նրա խոսքերով՝ իրենց ստացած «ճանապարհային քարտեզը» հաշվի է առնում ԵԱՀԿ-ում նախագահող Շվեյցարիային ավելի վաղ ուկրաինական կողմի արած առաջարկների բազում տարրեր: Պերեբիյնիսի խոսքերով՝ ուկրաինական կողմը ներկայումս մանրակրկիտ հետազոտում է այդ փաստաթուղթը:
Պերեբիյնիսն Ուկրաինայում ստեղծված իրավիճակը որակել է որպես Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի հետևանք՝ հավելելով, որ իրավիճակի կարգավորման համար անհրաժեշտ է առանցքային երեք պայմանի կատարում՝ հակամարտության ապաէսկալացում, համաուկրաինական ազգային երկխոսության անցկացում և մայիսի 25-ին Ուկրաինայում նախագահական ընտրությունների անցկացում:
Պերեբիյնիսի խոսքերով՝ հենց այդ կետերը պետք է ընկած լինեն ապագա պայմանավորվածությունների հիմքում: