
Պուտինը կարող է մասնակցել Նորմանդիայում Երկրորդ ճակատի բացման 70-ամյակին նվիրված միջոցառումներին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիտարկում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նորմանդիայում դաշնակիցների կողմից Երկրորդ ճակատի բացման 70-ամյակի կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառումներին մասնակցելու հնարավորությունը:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Մորիս Ռիպերը: Նրա խոսքերով՝ Պուտինը ստացել է համապատասխան հրավեր: Դեսպանը հավելել է, որ իրենք դրական ազդանշաններ են ստացել Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովից:
Դեսպանն ընդգծել է, որ պլանավորված է, որ Երկրորդ ճակատի բացման (06.06.1944) 70-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու են Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա 2-րդը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Ընդգծվում է, որ եթե Պուտինը միանա նրանց, ապա դա կլինի ուկրաինական ճգնաժամի սկսվելուց հետո Արևմուտքի առաջնորդների հետ նրա առաջին հանդիպումը: