
Ադրբեջանը դեմ չէ Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայմանը. Մամեդյարով

Ադրբեջանական 1news.az լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր հայտարարել է, որ մայիսի 7-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հնչեցրած սկզբունքները համաձայնեցված են եղել դեռևս 2009 թվականին և ընկած են Մադրիդյան նորացված սկզբունքների հիմքում.
«Խաղաղության համաձայնագրի սկզբունքներն արդեն վաղուց մշակված են, և Ադրբեջանը պատրաստ է աշխատել դրանց վրա՝ տարածաշրջանում հասնելու համար երկարաժամկետ խաղաղության»: Մամեդյարովն ընդգծել է, որ Բաքուն դեմ չէ Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի ներկայությանը.
«Խաղաղապահներն անհրաժեշտ են, քանի որ կողմերի միջև բացակայում է վստահությունը, սակայն կա մարդկանց, այդ թվում նաև ադրբեջանցի վերաբնակների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտություն»:
Մամեդյարովի խոսքերով՝ կողմերը դեռ չեն քննարկել խաղաղապահ ուժերի տեղակայման մանրամասները. «Դեռ հայտնի չէ, թե ինչ մանդատով են գործելու խաղաղապահները, ինչպես են ծավալվելու նրանք, և որքան է լինելու նրանց թվակազմը»: