
ՌԴ-ի ագրեսիայի շարունակման դեպքում Ուկրաինան կստանա ժամանակակից սպառազինություն. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ եթե ռուս-ուկրաինական հակամարտության էսկալացիան շարունակվի, ապա Ուկրաինան ՆԱՏՕ-ից կստանա ժամանակակից սպառազինություն՝ իրեն պաշտպանելու համար:
Սաակաշվիլին մանրամասնել է, որ խոսքը գնում է հակատանկային ժամանակակից զենքի, հակաօդային պաշտպանության միջոցների, ՆԱՏՕ-ի լավագույն բանակներից օգնության մասին:
Սաակաշվիլին հայտարարել է, որ Պուտինին չի հաջողվել Ուկրաինայում նույնպես իրականացնել փոքր, հաղթական պատերազմ, ինչպես որ դրանից առաջ հաջողվել էր Ղրիմում:
Վկայակոչելով Պուտինի հետ իր բազմամյա շփման փորձը՝ Սաակաշվիլին ընդգծել է, որ գնալով նվազում են Ուկրաինայի տարածք ռուսական զրահատեխնիկա մտցնելու հնարավորությունները: