Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը հեռանում է քաղաքականությունից
Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) նախագահ Ջեմիլ Չիչեքը հեռանում է քաղաքականությունից: Այս մասին A Haber-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է հենց ինքը՝ Չիչեքը:
Չիչեքը հայտարարել է, որ շատ բան է արել թուրքական քաղաքականության համար, և այժմ եկել է հեռանալու ժամանակը: Թուրքիայում Ջեմիլ Չիչեքի քաղաքական ակտիվ գործունեությունը սկսվել է 1984 թվականին: Նա հանդիսանում է «Մայր Հայրենիք» կուսակցության հիմնադիրներից մեկը:
Ջեմիլ Չիչեքը ԹԱՄԺ-ի նախագահ է ընտրվել 2011 թվականին: Հայտնի է, որ նա չի կարող մասնակցել 2015 թվականին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ կապված նրա հետ, որ որոշվեց չփոխել իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ներքին կանոնակարգը, ըստ որի՝ մեկ անձը չի կարող երեք անգամից ավելի դառնալ պատգամավոր:
Հիշեցնենք, որ Ջեմիլ Չիչեքը դասվում է թուրքական քաղաքական գործիչների ծայրահեղ հակահայկական թևին և հանդիսանում է քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածի կնքահայրերից ու ջատագովներից մեկը, ինչի համար էլ ստացել է «301-րդ Ջեմիլ» մականունը: