Ագրեսոր դեսպանը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ակտիվ հասարակությանը վրդովեցրել է Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի հերթական հայտարարությունը, որն այլ կերպ, քան Հայաստանի ներքին գործերին կոպիտ միջամտություն և դիվանագիտական էթիկայի ու նորմերի կոպիտ ոտնահարում անվանելը դժվար է:

Ռուսաստանի դեսպանը հայտարարել է, որ պետք է իրենց մասին ավելի ակտիվ հայտ ներկայացնեն հայկական տեղեկատվական տարածությունում, սակայն դա քիչ է համարել ոչկառավարական կազմակերպությունների դեմ պայքարելու համար՝ ասելով, որ պետք են այլ մեթոդներ:

Եվ գիտե՞ք որոնք են այդ մեթոդները՝ ըստ Ռուսաստանի դեսպանի: Այդ մեթոդները, ըստ նրա, Ռուսաստանում կիրառվողներն են, որոնցով կարգավորվել է ոչկառավարական կազմակերպությունների ոլորտը:

Դեսպանը հենց դրանք է հիշատակում որպես միջոց: Իսկ այդ միջոցները, ըստ էության, ենթադրում են ոչկառավարական կազմակերպությունների դեմ օրինական ռեպրեսիաներ, եթե այդ կազմակերպությունները չեն տեղավորվում իշխանական քարոզչական տրմաբանության մեջ և չեն դառնում իշխանությունների հպատակը:

Այսինքն՝ Ռուսաստանը, ըստ էության, հայտարարում է Հայաստանում հասարակական, քաղաքացիական սեկտորի դեմ արշավի մասին: Իսկ այն, որ խոսքը հենց արշավի մասին է, վկայում է Երևանում կազմակերպված մի հավաք, որն անցկացվել է ՀԱՊԿ-ի հովանու ներքո: Այդ հավաքում հանդես է եկել ՀԱՊԿ-ի վերլուծական Ասոցիացիայի ղեկավար Իգոր Պանարինը և հայտարարել, որ իրենք մշակելու են սոցցանցերի դեմ պայքարի մեթոդներ ու տեխնոլոգիաներ, որպեսզի կարողանան հակազդել դրանց:

Հայաստանում հայ-ռուսական բարեկամությունը կասկածի տակ դնող որևէ բան եթե կա, ապա դա հենց Ռուսաստանի դեսպանի հայտարարություններն են, որովհետև որևէ բարեկամ երկիր իրեն թույլ չի տա էթիկայի և նորմերի նման խախտումով միջամտել բարեկամ երկրի ներքին գործերին և ցուցումներ տալ հասարակական, քաղաքացիական սեկտորի «բերանը փակելու» ուղղությամբ:

Նման կերպ վարվում են ոչ թե բարեկամները, այլ ագրեսորները: Հայ-ռուսական բարեկամության թիվ մեկ հարվածը հենց նման քայլերն են, և նման քայլեր կատարողներն են, որ պետք է պատասխան տան իրենց գործողությունների համար: Պատահական չէ, որ Իվան Վոլինկինին ժամանակին դուրս էին հրավիրել Վրաստանից՝ այդ պետության դեմ հակապետական գործողությունների համար»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս