Ռուսաստանը ցանկանում է վերցնել նաև ՀՀ-ի քաղաքացիական դաշտը. «Ժողովուրդ»
«Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան աշխատանքային այցով մեկնեց Ռուսաստանի Դաշնություն, որտեղ նախատեսված են հանդիպումներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների հետ, ինչպես նաև մասնակցություն ՌԴ Զինված ուժերի կառավարման վարժանքներին»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.
«Հետաքրքիր զուգադիպությամբ Սերժ Սարգսյանի այցից առաջ երեկ «արտահոսք» կազմակերպեց Երևանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը: Նա Մոսկվայում լույս տեսնող հայկական «Նոյյան տապան» ռուսալեզու պարբերականին հարցազրույց տվեց այն մասին, որ «անհրաժեշտ է համարում չեզոքացնել Հայաստանում գործող բոլոր այն հասարակական կազմակերպություններին, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում»:
Ստացվում է, որ Ռուսաստանը ցանկանում է իր ձեռքը վերցնել նաև քաղաքացիական դաշտը, և սեփական ճաշակով ձևավորել այն:
Հատկանշական է, որ ՀՀ ԱԳՆ-ն, ով երևի վերջին անգամ, հավանաբար անցյալ դարում է արձագանքել ՌԴ պաշտոնյաներին, զարմանալի «օպերատիվությամբ» հայտարարեց, որ «չեն կարծում, թե որևիցե հասարակական կազմակերպություն ի զորու է սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև»»։
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։