Կադրային փոփոխություններ նախարարությունում բնականաբար կլինեն. Արդարադատության նախարարի հարցազրույցը. NEWS.am
Արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանը պատասխանել է NEWS.am-ի թղթակցի մի քանի հարցերին:
-Պարոն Մանուկյան, դուք Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանն էիք, ինչպե՞ս համաձայնեցիք նշանակվել նախարարի պաշտոնին, անակնկա՞լ էր այդ առաջարկը:
-Առաջարկն անակնկալ էր իհարկե, բայց զարմանալի չէր ինձ համար: Առիթ ունեցել եմ ասելու, որ չափազանց պատվաբեր է դեսպանի կարգավիճակը, սակայն իմ պարտքն եմ համարել վերադառնալ եւ փորձել օգտակար լինել երկրում ծառացած ավելի բարդ խնդիրների լուծմանը:
-Ինչպիսի՞ ժառանգություն եք ստացել ձեր նախորդից՝ Հրայր Թովմասյանից, անելիքնե՞րն են շատ, թե՞ արված գործերը:
-Իրավական համակարգում ես աշխատում եմ դեռեւս 1996 թվականից: Լավագույնս ճանաչում եմ համակարգը, ճանաչում եմ նաեւ անկախ Հայաստանի արդարադատության բոլոր նախկին նախարարներին Վահե Ստեփանյանից մինչեւ Հրայր Թովմասյան: Չեմ կարծում, որ Հրայր Թովմասյանը երեք ու կես տարում կարող էր հրաշքներ գործել եւ համակարգը բերել իդեալական վիճակի, քանի որ բարդագույն համակարգ է, խնդիրները շատ են եւ խճճված: Թեեւ կարծում եմ, որ բավական գործ է արված եւ լավագույն նախաձեռնությունները շարունակվելու են: Հրայր Թովմասյանի հետ պայմանավորվածություն ունեմ, որ կշարունակենք առանձին հարցերում համագործակցել՝ անկախ նրա հետագա կարգավիճակից:
Ի դեպ, մարդու վատագույն բնորոշիչներից է գործունեությունն սկսել նախորդներին քննադատելով: Նման բնավորություն չունեմ եւ երբեք չեմ ունեցել: Ինչպես երկրի, այնպես էլ համակարգի առջեւ մարտահրավերներ կան եւ քրտնաջան աշխատանք է հարկավոր, ոչ թե բամբասանք:
-Կադրային փոփոխություններ անելո՞ւ եք, Հրայր Թովմասյանի հեռանալուց հետո նախարարության երկու աշխատակիցներ աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել, խոսքը փոխնախարար Արամ Օրբելյանի եւ մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանի մասին, է ինչպե՞ս եք վերաբերում այդ հանգամանքին:
-Իրականում հարցը ինստիտուցիոնալ է: Երկրներ կան, որտեղ նմանատիպ հարց չի ծագում ընդհանրապես եւ ընդունված է, որ ղեկավարի հետ քաղաքական թիմի հեռանալն ինքնաբերաբար ենթադրելի է: Զարմանալի է հակառակը: Եթե քաղաքական թիմը բացարձակ չի փոխվում, ապա ինչու է նախարարը փոխվել այդ դեպքում: Բերեմ մի թարմ օրինակ. Վրաստանի նախագահի աշխատակազմի հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց հետ աշխատանքային պայմանագիրը կնքվում է նախագահի պաշտոնավարման ժամկետով:
Կադրային փոփոխություններ նախարարությունում բնականաբար կլինեն, բայց դա չի նշանակում, որ պարտադիր պետք է փոխվեն բոլոր առանցքային դեմքերը: Արժեքավոր կադրերը գնահատելի են եւ ցանկության դեպքում կշարունակեն նոր թիմում աշխատել: Խոսքս հաստատեմ նրանով, որ, օրինակ, Արամ Օրբելյանին ինքս եմ առաջարկել շարունակել պաշտոնավարել, սակայն վերջնս նախընտրել է այս փուլում մասնավոր գործունեության ոլորտը, ինչում իրեն հաջողություններ եմ մաղթում:
Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: