Հին նախարար. նոր նախարարը երկար է խոսում. «ՀԺ»
«ՀԺ»-ն գրում է. «Երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց արդարադատության ու սպորտի և երիտասարդության հարցերով նորանշանակ նախարարներին։
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պորտֆելը տարիներ շարունակ հիմնականում վստահվել է ԲՀԿ-ին։ Ըստ մամուլի հրապարակումների, նոր նախարար Գաբրիել Ղազարյանը նույնպես ԲՀԿ անդամ է։ Այս տեղեկությունը, սակայն, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հերքել էր՝ ասելով, որ Գաբրիել Ղազարյան անունով մարդ չի ճանաչում։
Ղազարյանը երեկ ամեն կերպ խույս տվեց հարցերին պատասխանելուց, անպատասխան թողեց նաև Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի հետ իր կապերի մասին հարցը ասելով. «Թողեք, 100 օրն անցնի, բոլոր հարցերին կպատասխանեմ։ Հիմա չեմ կարող ասել»։
Երեկ Ղագարյանին նախարարությանը ներկայացնելու ժամանակ նույնպես մի քանի ուշագրավ դրվագներ եղան։
Երբ Հովիկ Աբրահամյանը ժամանեց նախարարություն, ներկայացման դահլիճ բարձրանալիս հիմնականում զրուցում ու հարցուփորձ էր անում Յուրի Վարդանյանի հետ, իսկ նորանշանակ նախարարը այդ ընթացքում անտեսված էր։
Ներկայացնելվ Գաբրիեյ Ղազարյանին Հովիկ Աբրահամյանը հաջողություն մաղթեց նրան ու կատարած աշխատանքի համար շնորհակալության հայտնեց Յուրի Վարդանյանին։ Վերջինս իր խոսքում ասաց. «Վստահ եղեք, որ ինձ մոտ ամեն ինչ նորմալ է լինելու, ամեն ինչի մասին մոտ ապագայում կիմանաք։ Կյանք է, ամեն ինչ էյ լինում է»,– ասաց Վարդանյանը։
Նորանշանակ նախարարը նույնպես հանդես եկավ խոսքով, որի կեսից հանկարծ Յուրի Վարդանյանը ընդմիջեց նկատելով. «Նոր նախարարը կարծես երկար է խոսում»։ Հակադարձելով Հովիկ Աբրահամյանը ասաց. «Դե եթե ասելիք ունի…. թույլ տվեք ես որոշեմ՝ ով ինչքան պետք է խոսի»,– նկատողության արեց Աբրահամյանը, որից հետո Գաբրիել Ղազարյանը շարունակեց իր խոսքը։ Խոսքի ընթացքում բառերի ընտրության համար Վարդանյանը նույնպես ընդմիջեց Ղազարյանին առաջարկելով բնագավառ բառի փոխարեն օգտագործել ոլորտը։ Հովիկ Աբրահամյանը այնուհետև առանձնազրույց ունեցավ նախկին ու ներկա նախարարների հետ ու հեռացավ»։
Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։