Բաժիններ՝

ՌԴ-ը մտադիր է Նիկարագուայում մասնակցել Ատլանտյան ու Խաղաղ օվկիանոսները միմյանց կապող ջրանցքի կառուցմանը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը մտադիր է Նիկարագուայում մասնակցել միջօվկիանոսյան ջրանցքի կառուցման աշխատանքներին, որը միմյանց կկապի Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:

Նրա խոսքերով՝ ներկա դրությամբ Ռուսաստանն աշխատում է համագործակցության կոնկրետ ձևերի շուրջ: Ռյաբկովը հավելել է, որ Նիկարագուայի ներկայացուցիչները Սանկտ Պետերբուրգում մասնակցելու են տնտեսական ֆորումի, որի ժամանակ էլ իրենք կքննարկեն ջրանցքի կառուցմանը Ռուսաստանի մասնակցությունը:

Կարիբյան ծովը Խաղաղ օվկիանոսին կապող ջրանցքն անցնելու է Սան Խուան գետով և Նիկարագուա լճի միջով: Նախագծի մասշտաբներն ապշեցուցիչ են: Ենթադրվում է, որ ջրանցքի կառուցման ժամանակ գետնից դուրս կբերվի 2.7 միլիարդ խորանարդ մետր հող:

Ակնկալվում է, որ ջրանցքի խորությունը կկազմի 22 մետր, լայնությունը՝ 20 մետր, իսկ երկարությունը՝ 286 կիլոմետր: Այդ երեք ցուցանիշով նա կգերազանցի Պանամայի ջրանցքին: Ջրանցքը 800 կիլոմետրով կկրճատի ԱՄՆ ատլանտյան նավահանգիստներից խաղաղօվկիանոսյան նավահանգիստներ տանող ճանապարհը:

Բացի այդ, Նիկարագուայի ջրանցքով կարող է անցնել մինչև 270.000 տոննա բեռնատարողությամբ նավեր, մինչդեռ անգամ ընդլայնվելուց հետո Պանամայի ջրանցքով կարող են անցնել միայն կրկնակի պակաս ջրատարողությամբ նավեր (ներկայումս դա կազմում է 70.000 տոննայից ոչ ավելի, իսկ 2015 թվականին՝ արդիականացման ավարտից հետո, 130.000 տոննայից ոչ ավելի):

Նախագիծն իրենում ներառում է նաև երկաթուղու, երկու օդանավակայանի ու նավթամուղի կառուցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս