Քառյակն ու վարչապետը խաղում են պասերով. «Հրապարակ»
«Հրապարակը» գրում է. «Քառյակն ու Հովիկ Աբրահամյանը մուկնուկատու են խաղում՝ պարբերաբար «լարվելով» միմյանց հետևից: Երբ Տիգրան Սարգսյանին իր կաբինետից վտարելուց անմիջապես հետո քառյակը նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին էլ սպառնաց կուտակայինի հարցի հետ կապված արտահերթ նիստով, Արգամիչը քափ-քրտինք կտրած շտապեց «անակնկալ» այցելել հրաշալի քառյակին, ավետիս հայտնել, թե «պատրաստ է լուծում տալ» պարտադիր կուտակային կենսաթոշակային չարաբաստիկ օրենքի վիճահարույց հարցերին:
Քառյակը հանդարտվեց, հետաձգեց արտահերթի թեման, բայց վերջին քառօրյային պարզեց, որ խաբվել է, քառյակից հայտարարություններ հնչեցին, որ վարչապետը «դրժել» է խոսքը:
Որովհետև կառավարության ներկայացրած «փոփոխությունների» նախագիծը բառերից բացի ոչինչ չէր ընդգրկում և միայն պարտադիր վճարներ չկատարելու դեպքում տույժերն է վերացնում մինչև սեպտեմբերի 30՝ ՍԴ տված ժամկետը: Հիմա «լարելու» հերթը քառյակինն է, նրանք որոշել են վերջին շանսը տալ Հովիկ Աբրահամյանին՝ իրենց առաջարկները ներկայացնելով ու պահանջելով հստակ դիրքորոշում:
Թե կոնկրետ ինչ առաջարկների մասին է խոսքը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն ասաց, թե միասին պետք է որոշեն, և չբացառեց, որ այդ նպատակով այսօր կլինի չորսի հերթական դռնփակ հանդիպումը՝ օրն ու ժամը, սակայն դեռևս չեն հստակեցրել։ Ըստ ամենայնի, Արգամիչի պատասխանից է կախված քառյակի հետագա ճակատագիրը, որովհետև Տիգրան Սարգսյանի հեռացումից հետո սրանց բոլոր հանդիպումներն անպտուղ են դառնում և միասնական օրակարգ չեն կարողանում ձևավորել:
«Ժառանգությունից» Ռուբիկ Հակոբյանը նշում է, որ ԲՀԿ-ի վարքը քննարկման առարկա չի դառնա: ԱԺ նախագահի ընտրության հարցը քառյակի օրակարգում չի եղել, և ընդհանուր որոշում չի կայացվել, ուստի ոչ իշխանական ուժերն ազատ են եղել իրենց որոշման մեջ:
Եթե նման ֆունդամենտալ հարցի շուրջ միասնություն չկա, ինչի՞ շուրջ կարող է լինել միասնություն, ընդհանրապես, որո՞նք են քառյակի բուն պահանջները, և արդյոք քաղաքական վերջին անցուդարձը չի՞ ապացուցում, որ քառյակ գոյություն չունի:
Գոյություն ունի Ծառուկյան Գագիկ, ով իր կուսակցության միջոցով ապահովում է բոլոր քաղաքական ուժերի վրա վերահսկողությունը: Այդ դեպքում ինչո՞ւ հանդուրժել ընդդիմության շարքերում մի կուսակցություն, որը մաս է կազմում կառավարությանը և հատուկ արտոնություններ է վայելում՝ հարցրինք «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, ով «հենվեց» ԲՀԿ-ի պաշտոնական տեսակետի վրա.
«Դրա շրջանակից դուրս մեկնաբանություն չեմ ուզում անել: Որևէ մեկը որևէ մեկին արտոնություն չի տալիս, քաղաքական գործընթացներ են, գնում են առաջ»: Այսպիսով կարելի է ասել, որ ոչ միայն ԲՀԿ-ի, այլև քառյակի միակ թշնամին Տիգրան Սարգսյանն էր, և քառյակը հանգիստ կարող է միայն արտահերթ նիստ հրավիրել և ԲՀԿ-ին չպարտադրել Արգամիչի հրաժարականի համար պայքար, ինչպես Արմեն Մարտիրոսյանն է ասում՝ «քաղաքական գործընթացներ են, գնում են առաջ», և մի օր հաստատ նոր «զոհ» կգտնվի»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։