«Օլիգարխի հետ կապված՝ կասեմ, որ ինքը հասել է իր աշխատանքով». ՀՀԿ-ականը՝ Հովիկ Աբրահամյանի մասին. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի զրուցակիցն է Երևան քաղաքի ավագանու ֆինանսաբյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը:

– Այսօր ամենաակտուալ և քննարկվող թեման անցյալ շաբաթ Երևան քաղաքի ավագանու կողմից ընդունված որոշումն էր՝ Անաստաս Միկոյանի կիսանդրու հետ կապված: Ի դեպ, ես պարզեցի, որ Հայաստանի տարբեր բնակավայրերում կան արձաններ… Սանահինում` իր ծննդավայրում, կա տուն-թանգարան, կա արձան:

Ինչո՞ւ որոշվեց, որ Երևանում ևս պետք է լինի Միկոյանի արձանը կամ կիսանդրին, և ինչո՞վ եք պայմանավորում այս ցասումը:

-Ես կարծում եմ, որ այն հարցերը, որ բարձրացվում են Երևան քաղաքի ավագանու մոտ, այսպես ասած` մեր հանճարեղ մարդկանց, ովքեր կերտել են պատմությունը, կերտել են տարիների, Հայաստանի պատմությունը, ես կարծում եմ, որ մեր սերունդները պետք է իմանան, թե ինչ մարդիկ են եղել, որ դարաշրջանի, և թե ինչպես է կառուցվել այս երկիրը: Դրա համար Անաստաս Միկոյանը զուրկ չէ այդ գաղափարից: Նա եղել է բավական ուժեղ քաղաքական գործիչ, և ես կարող եմ ասել, որ ինքը՝ որպես արդյունաբերող, որպես Հայաստանի տնտեսության զարգացնող, եղել է առաջիններից, և իր ձայնը լսելի է եղել…

-Առաջին դեմ հանդիսացողը եղել է Հայկ Դեմոյանը, այսինքն՝ նաև ձեր ֆրակցիայի…

– Հայկ Դեմոյանը մոտեցել է որպես զուտ պատմաբան, զուտ պատմաբանական առումով, զուտ ամենածանր տարիների համար, երբ սոցիալիստական կարգերի ժամանակ` 1937 թվականին…

-Նա ուղղակի ասում էր մեր լրատվամիջոցին, որ Միկոյանի որոշմամբ հազարավոր մարդիկ` հայաստանցիներ…

-Բանն այն է, որ այդպես պատասխանատու իհարկե կարելի է արտահայտվել, քանի որ, իհարկե, կան փաստաթղթեր, բայց պետք է հաշվի առնել այն դարաշրջանը, այն ժամանակաշրջանը, որում ապրել է Անաստաս Միկոյանը, իսկ կարող է՝ ինքը հազարը տվել է տասը հազարի դիմաց: Հենց դա պետք է պարզել: Ես մոտենում եմ այս ամենին զուտ նրա քաղաքական գործունեության և տնտեսական ոլորտի զարգացման տեսանկյունից…

-Դուք Հանրապետական կուսակցության անդամ եքև խորհրդի անդամ: Տարբեր փորձագետների գնահատմամբ, նոր կառավարությունում օլիգարխայի շահերը պաշտպանող ձևակերպումներ են հնչում, և խոսվում է, որ այս կառավարությունը ընդունակ չէ լուրջ արմատական փոփոխությունների, քանի որ իրականում այն հիմնական արատները, որոնք 90-ականներից տեղափոխվել են մեր ժամանակներ, այդ արատավոր երևույթների հեղինակներն են: Նրանք, փաստորեն, իրականում իրենց խլածը, թալանածը օրինականացնելու իրական լծակների են այսօր տիրապետում և…

-Թույլ տվեք չհամաձայնել Ձեզ հետ: Գուցե և համաձայնեի, եթե այլ մոտեցումներ ունենայի:

-Այլ կուսակցություններից, Մելիք Ադամյանից չլինեիք, լինեիք Հանրապետության փողոցի…

-Ի դեմս մեր վարչապետի` Հովիկ Աբրահամյանի, ես կարծում եմ, որ նշանակվել է մարդ, որը զրոյից, լինելով բանվոր, հասել է մինչև ԱԺ նախագահի պաշտոնին: Եվ իրեն հասանելի է ամեն ինչ , մարդու իրավիճակի, մինչև անգամ օլիգարխիկ:

-Այսինքն՝ Հովիկ Աբրահամյանն օլիգարխ չէ:

-Օլիգարխի հետ կապված՝ կասեմ, որ ինքը հասել է իր աշխատանքով: Ես հիմա չեմ ուզում որակավորել…

-Այսինքն՝ քաղաքականության մեջ լինելով՝ հնարավո՞ր է այդպիսի հարստություն ունենալ:

-Ինքը քաղաքականությունով չի աշխատել իր…

-Յուղ փոխելով:

-Ինքը եղել է և´ քաղաքապետ, և´ մարզպետ, և´ եղել է…

-Տիկի´ն Նահապետյան, դրանք բոլորը քաղաքական պաշտոներ են, բայց հնարավոր չէ հարստանալ քաղաքապետ և մարզպետ լինելով:

-Ես ասեմ, որ այն տարներին, երբ նոր ստեղծվել է, ինքը եղել է շատ լավ գործարար: Քանի որ ես ծանոթ եմ իր գործունեությանը: Եվ այսօրվա իրավիճակով բոլորին համարել օլիգարխիկ, ես կարծում եմ, որ այն պետությունը, որը չունի օլիգարխիկ վերնախավ…

-Վատ պետություն է:

– Վատ չէ, երկիրը պետք հարուստ լինի, երկիրը պետքէ լի լինի այն մարդկանցով, որ…

-Իսկ երկիրը պե՞տք է արդար լինի, թե՞ ոչ:

-Արդարության հետ կապված պարտադիր է: Իսկ Դուք կարո՞ղ եք ինձ մի երկիր ասել, որը չունի օլիգարխիկ, հարուստ վերնախավ: Հավատացնում եմ Ձեզ, որ այդպիսի երկիր չկա:

-Իսկ Տիգրան Սարգսյա՞նը, որովհետև վստահ եմ, որ եթե Տիգրան Սարգսյանը լիներ վարչապետ, և ես Ձեզ այս հարցը տայի, Դուք նույնն ասելու էիք Տիգրան Սարգսյանի մասին, ասելու էիք, որ նա շատ լավ վարչապետ է…

-Ես չեմ կարող մեկնաբանել մեր քաղաքական գործիչներին, որոնք որ բացահայտ աշխատել են մեր հանրության աչքի առաջ:

-Տիգրան Սարգսյանն է՞լ է լավ վարչապետ եղել:

-Յուրաքանչյուր վարչապետ ունի իր լավ, իր վատ կողմերը: Տեսեք՝ մենք Անաստաս Միկոյանին քննարկեցինք, քննադատեցինք:

-Ո՞րն է Հովիկ Աբրահամյանի վատ կողմը, ինչի՞ց վախենանք:

-Վախեցեք նրանից, որ արդարությունը վերականգնվելու է, և իր ամեն մի քայլը, որ անելու է, ինքը գիշերվա ժամը 11-ին մտնելու է ամեն մի կազմակերպություն, և ես կարծում եմ, որ մոտակա ժամանակներս Դուք կզգաք արդարությանն իր մոտեցումը»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս