Հայ-իրանական մշուշ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Թեհրանում երեկ տեղի են ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Իրանի իր պաշտոնակցի և Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ: Նալբանդյանը Ռուհանիին Հայաստան այցելելու Սերժ Սարգսյանի հրավերն է փոխանցել: Մանրամասներ չեն նշվում, թե ինչ է ասել ի պատասխան Իրանի նախագահը, այսինքն` արդյոք խոսք եղել է այցելության հնարավոր ժամկետների մասին:
Հարցն այն է, որ Հայաստանն ու Իրանը գտնվում են այնպիսի տարածաշրջանում և այնպիսի իրավիճակում, այնպիսի հարևաններով են շրջապատված, որ առաջացել են շատ ընդհանուր շահեր Հայաստանի անկախությունից ի վեր, այդ թվում` նաև ղարաբաղյան հակամարտության գոտում, որտեղ Իրանի համար խիստ նպաստավոր է, որ իրանական հյուսիսային սահմանի մի հատվածը հայկական զինուժն ազատագրել է, և այնտեղ ոչ թե ադրբեջանցիներ, այլ հայեր են կանգնած: Մյուս կողմից` այսօր մենք Հայաստանի արտաքին քաղաքականություն և արտաքին գործերի նախարար ասելով` ինքներս անորոշության մեջ ենք մեղմ ասած, թե արդյոք կա՞ իրականում նման բան, թե՞ գործ ունենք արդեն Ռուսաստանի ԱԳՆ-ի մի մասնաճյուղի կամ ինչ-որ մի վարչության մակարդակ ունեցող կցորդի հետ:
Խնդիրն այն է, որ Ռուսաստանը տարիներ շարունակ միշտ էլ, մեղմ ասած, խանդով է վերաբերվել հայ-իրանական շփումներին: Եվ այս տեսանկյունից, հատկապես վերջին շրջանում այդ շփումների, մեղմ ասած, անորոշ և բավական պասիվ բնույթը զարմանալիորեն զուգադիպում է Հայաստանի, այսպես ասած, ռուսաֆիկացման ինտենսիվ բնույթի և Մաքսային ու Եվրասիական միությունների գործընթացի հետ: Եվ այստեղ է, որ հարց է առաջանում՝ արդյո՞ք կապ ունեն այս երկու գործընթացները իրենց պասիվ-ակտիվ հակադիր վեկտորներով՝ «ակտիվ» ռուսական ուղղությամբ և բավական անորոշ ու պասիվ` իրանական ուղղությամբ:
Ընդհանուր առմամբ, հայ-իրանական հարաբերությունների ուրվագծի վերաբերյալ դիտարկումների համար՝ և՛ երկկողմ, և՛ ռեգիոնալ կտրվածքով, հարկ կլինի սպասել Իրանի նախագահ Ռուհանիի հայաստանյան այցին, թեև այն, որ Նալբանդյանի այցի շրջանակում Ռուհանիի այցի կոնկրետ ժամկետներ չեն մատնանշվել՝ գոնե եթե ոչ օրերի, ապա ամսվա կտրվածքով, արդեն իսկ, մեղմ ասած, ոչ ոգևորիչ հանգամանք է»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։