Բոլշևիկ Անաստաս Միկոյանի իրական դեմքը (տեսանյութ)

Երևան քաղաքի ավագանին ապրիլի 30-ին որոշում կայացրեց Երևան քաղաքի Իսահակյան-Կորյունի փողոցների միջանկյալ` Գ. Քոչարի փողոցին զուգահեռ պուրակում հայտնի բոլշևիկ, խորհրդային խոշոր պետական գործիչ Անաստաս Միկոյանի հիշատակը հավերժացնող հուշարձան տեղադրելու մասին։ Ի դեպ, այս որոշմանը կողմ են քվեարկել Երևանի ավագանու «Հանրապետական» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները: Շուրջ մեկ շաբաթ հարցը դարձել է հայաստանյան մամուլի ամենաքննարկվող և ամենաաղմկոտ թեմաներից մեկը, քանի որ որոշումը հակասական գնահատականների է արժանացել:

Մի շարք հասարակական և քաղաքական գործիչներ, ինչպես նաև՝ պատմաբաններ, անընդունելի են համարում ստալինյան վարչակարգի կարկառուն ներկայացուցիչ, ստալինյան բռնաճնշումների անմիջական մասնակից Անաստաս Միկոյանի հուշարձանի տեղադրումը Հայաստանի տարածքում: Սոցիալական ցանցերում հրապարակվեցին փաստաթղթեր, որոնց համաձայն` Անաստաս Միկոյանը Երևանից հեռագիր է ուղարկել Մոսկվա` Իոսիֆ Ստալինին խնդրելով ավելացնել Հայաստանում ձերբակալվածների թիվը:

Ներկայացնում ենք Youtube կայքում տեղադրված մի տեսանյութ, որը 1937 թ. վերջին Անաստաս Միկոյանի ելույթի տեսագրության մի փոքրիկ հատվածն է: Համամիութենական կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության (ՀամԿ(բ)Կ) քաղբյուրոյի անդամ Անաստաս Միկոյանը «Չե-Կա-ՆԿՎԴ»-ի (Արտակարգ կոմիտե-Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատ) հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը ներկայացնում է իր զեկույցը` դիֆերամբներ նվիրելով ընկեր Ստալինին և ժողովրդին կոչ անելով աջակցել «ժողովրդի թշնամիների» դեմ ՆԿՎԴ-ի պայքարին:

Իր ոգեշունչ ելույթում Անաստաս Միկոյանը բերում է նաև մի օրինակ, որով փորձում է բացատրել մարդկանց ձերբակալություններն իրականացնող գլխավոր կառույցի` Ներքին գործերի ժողկոմի «հաջողության գաղտնիքը»: Անաստաս Միկոյանը գովում է հորը մատնած պիոներ Կոլյա Շչեգլովին (տեքստի աղբյուրը` այստեղ.):

«ՆԿՎԴ-ի հաջողության գաղտնիքը միայն նրա աշխատակիցների ունակությունների մեջ չէ, այլ նրանում, որ ՆԿՎԴ-ն, խորհրդային հետախուզությունը հենվում են և շարունակելու են հենվել ժողովրդի վրա: Այն ծառայում է ժողովրդին…

Պուգաչևյան շրջանում` Պորյաբուշկի գյուղում, պիոներ Շչեգլով Կոլյան (1923 թ. ծնված) այս տարվա օգոստոսին ՆԿՎԴ-ի շրջանային բաժնի ղեկավարին հաղորդեց այն մասին, որ իր հայրը`Շչեգլով Ի. Ի.-ն, թալանում է սովխոզի շինանյութերը: Հայր Շչեգլովին ձերբակալեցին, քանի որ նրա տանը, իսկապես, հայտնաբերվեց հազվագյուտ շինանյութերի քանակություն: Պիոներ Կոլյա Շչեգլովը գիտի, թե իր և ժողովրդի համար ինչ է խորհրդային իշխանությունը: Տեսնելով, որ հարազատ հայրը գողանում է սոցիալիստական սեփականությունը, նա հայտնեց ՆԿՎԴ-ին: Նա այլևս նրա հարազատ հայրը չէ: Նա ասաց ՆԿՎԴ-ին, որ հորը ոչնչացնեն` որպես ժողովրդի թշնամու: Ահա թե ինչ մարդիկ մենք ունենք, ահա թե ինչպիսի պիոներներ ունենք: Ահա թե որն է մեր ուժն ու հզորությունը»:

Պատրաստեց՝ Արամ Սարգսյանը

Տեսանյութեր

Լրահոս