Հայաստանում առայժմ պահպանելու են ոչխարի  խուզման ավանդական ձևը (լուսանկարներ)

Երեկ  գյուղական ու դաշտային   ինքնատիպ եվրոպական փառատոների  տրամադրություն  էր տիրում  Սյունիքի մարզի «ՏաԹևեր»  ճոպանուղու  Հալիձոր  կայանում:  Հայաստանում ԱՄՆ  դեսպան Ջոն Հեֆերնը և Հայաստանում  Նորվեգիայի թագավորության պատվո հյուպատոս Թիմոթի Դեյվիդ Սթրեյթը  «Ոչխարների  խուզում-2014» փառատոնի կազմակերպիչների  և    հայաստանցի պաշտոնյաների  հետ    փորձում էին ոչխարների  խուզման փառատոնի գաղափարը սիրելի դարձնել հավաքված բազմաթիվ հյուրերին:   ԱՄՆ դեսպանը նույնիսկ ոչխար խուզել փորձեց:  Արարողությունն անծանոթ չէր նաև գյուղատնտեսության նախարարի    պաշտոնակատար  Սերգո Կարապետյանին՝  նա փոքր ժամանակ ոչխար խուզելու փորձ է  արել:

«Տաթևի  վերածնունդ» ծրագրի  և «Հայրենիքիզարգացման նախաձեռնություն» հիմնադրամի՝ Հայաստանում և տարածաշրջանում  կազմակերպած  առաջին նմանատիպ փառատոնը Հալիձորում էր հավաքել  մերձակա համայնքների բնակիչների, զբոսաշրջիկների, Հայաստանի տարբեր վայրերից ժամանած  մարդկանց: Փառատոնի նպատակներից մեկն էլ հենց տեղական զբոսաշրջության զարգացումն է, երբ տարբեր ծրագրերի միջոցով հնարավոր  է դառնում   տվյալ երկրի  բնակիչների հետաքրքությունը շարժել հենց      իր ապրած երկրի մեկ այլ վայրի նկատմամբ.   «Զարգացած երկրներում սովորական դարձած տեղական զբոսաշրջության առաջին քայլերն արդեն արվում են Հայաստանում»,- ասաց    «Տաթևի  վերածնունդ»   ծրագրի  տնօրեն Արեն Ափիկյանը:

Այս փառատոնը   կազմակերպիչներին ու մասնագետներին հնարավորություն է տալիս   խոսելու զբոսաշրջության  կարևոր մի ճյուղի՝  ագրոզբոսաշրջության մասին.   միլիոնավոր մարդիկ այսօր իրենց հանգիստն ու ժամանցը  նախընտրում են անցկացնել     գյուղական ու ոչ սովորական պայմաններում:  Զարգացած գյուղը երկրի զբոսաշրջության     հպարտությունն  է:  Թիմոթի Սթրեյթն ասում է, որ հատկապես Սյունիքի գյուղերն այդ առումով զարգանալու  հեռանկար ունեն, իսկ ճիշտ աշխատանքի  դեպքում կարող են   դառնալ   Հայաստանում ագրոզբոսաշրջության այցեքարտերը.  «Երբ ասում են Տաթև, մարդիկ հիշում են վանք, ճոպանուղի, բայց ես վստահ եմ, որ գալու է ժամանակ, որ Տաթև անվան կողքին նաև փառատոն են հիշելու: Տասնյակ խենթ գաղափարներ կարելի է  իրականացնել այս վայրերում: Ճիշտ է՝  խնդիրներ կան, բայց  բավական է,  որ մարդիկ այստեղ ջերմ են,  հյուրընկալ ու պատրաստակամ»,-ասում է  իր կյանքի 14 տարին Հայաստանում անցկացրած  նորվեգացի դիվանագետը: Նա հաճախ է շրջում Հայաստանի գյուղական բնակավայրերում, փնտրում իր գաղափարներն իրականացնելու վայրեր:  Մեղրի ու հատապտղի՝  արդեն  անցկացված փառատոների գաղափարներին նաև ինքն ու իր  հիմնած «Հայրենիքիզարգացման նախաձեռնություն» հիմնադրամն են  մասնակից եղել: Սյունիքի մարզետ Վահե  Հակոբյանն էլ   մարզում մեկ այլ փառատոն իր կողմից  խոստացավ՝ թթի փառատոնը:

Հայերի բարեկամ բարձած  Թիմոթի Դեյվիդ Սթրեյթն առհասարակ    սիրում է մարդու  ձեռքի    ու  ստեղծագործ մտքի յուրաքանչյուր  աշխատանք.  նույնիսկ փառատոնի օրն  իր կրած թիթեռնիկ-փողկապն է պատվիրել  հայ վարպետների մոտ.  չի մոռացել հուշել, որ օրվա խորհրդին համապատասխան այն անպայման ոչխարի նկարով լինի:

Ոչխարների խուզման  փառատոնի օրը ոչխարի պատկերն էին կրում նաև Սյունիքի տարբեր համայնքներից տաղավարներում   ներկայացված  ձեռագործ աշխատանքները, աթոռները, գոգնոցները, կենցաղային այլ իրեր: Ոչխարի, խոյի կերպարն  իբրը զարդանախշ հայոց մեջ օգտագործվել է հնուց:   Ուտելիքը,   արհեստը,     երգն ու պարը   փառատոնի  հիմնական ներկայացված տարրերն էին, որից հետո տեղի ունեցավ   ոչխարի խուզման մրցույթը:

Հալիձոր, Տաթև և Խոտ գյուղերի երեք   բնակիչ ժյուրիի և հարյուրավոր  դիտողների ներկայությամբ խուզեցին մեկական ոչխար: Մրցույթի հաղթող ճանաչվեց Տաթև գյուղի  բնակիչ  53-ամյա Բորիս Քոլյանը:   Փոքր տարիքից այդ գործը վարպետորեն  կատարող գյուղացին  ութ րոպեում արագ, որակով   և անվնաս  խուզեց  ոչխարը: Նա ստացավ փառատոնի գործընկերներից  «Ռազմավարական զարգացման գործակալության» պատրաստած առաջին մրցանակը՝ հուշանվեր:  Հայկական փառատոնն առայժմ աշխարհի նմանատիպ փառատոներից առանձնանալու է բուրդ խուզելու  ավանդական մկրատի պահպանմաբ.  «Ճիշտ է՝ էլեկտրական  մեքենայով էլ են խուզում ոչխարը, բայց Հայաստանում  ավանդական դարձող  այս փառատոնի գործիքն առայժմ մկրատն է մնալու, ինչով առանձնանալու է այլ փառատոներից,  որովհետև այն Հայաստանում մինչև այսօր էլ  խուզման ժամանակ կիրառվող  հիմնական միջոցն է և իր մեջ կրում է ավանդականության տարրը:  Նպատակ կա փառատոնը դարձնել համահայկական և ներգրավել նաև մյուս մարզերին:  Աշխարհում ամեն տարի նման փառատոներ են անցկացվում, հուսանք  ճանաչված կլինի նաև    մեր փառատոնը»,- ասաց  Արեն Ափիկյանը:   Հայաստանում ծնված, սակայն 16  տարի Մոսկվայում ապրած երիտասարդ տնտեսագետը մշտական բնակության է վերադարձել հայրենիք և իր գիտելիքները հատկապես  չզարգացած համայնքներում ներդնելու ցանկություն ունի: Նրա գլխավորած «Տաթևի վերածնունդ»  ծրագիրը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործունեության կարևոր նախագծերից մեկն է, որը Տաթևի վանական համալիրի վերականգնման, համայնքային զարգացման և զբոսաշրջության խթանման նպատակ ունի:

Փառատոնի մասնակիցները հնարավորություն ունեցան դիտելու նաև, թե ինչպես է  ոչխարի բուրդը  դառնում գորգ: Ցուցադրված տաղավարներից յուրաքանչյուրում  գզում, այնուհետև մանում, իսկ ներկելուց հետո էլ նրբահյուս  ոչխարաթելի միջոցով ստանում էին հայկական ավանդական գորգ ու կարպետ,  որոնք  դարեր շարունակ եղել են  Սյունիքի մարզի այցեքարտերից:   Գորիսի կանանց  զարգացման  «Ռեսուրս» կենտրոնի  կանայք տեղում գործում էին գորգ ու գորգագործության փոքրիկ նմուշներ:

«Սիրում եմ Սյունիքը, իսկ  Հայաստանում մարզային փառատոներին մի առանձնակի հաճույքով եմ մասնակցում»,- ասաց  Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը:  Նրան, այնուամենայնիվ, հաջողվեց խուզել ոչխարի բրդի մի մասը:

ԱՆՈՒՇ ԹՐՎԱՆՑ

halidzor8

halidzor3

halidzor16

halidzor14

halidzor13

halidzor12

halidzor11

halidzor10

halidzor7

halidzor6

halidzor2

halidzor1

                                                         

 

 

Տեսանյութեր

Լրահոս