
Թուրքիայի զինված ուժերում մեկնարկում է «զուգահեռ մաքրման» գործընթացը

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ`ապրիլի 30-ին տեղի ունեցած Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստում, որը տևել է մոտ 7 ժամ, քննարկվել է նաև Թուրքիայի պատմության ընթացքում խոշորագույն լրտեսական սկանդալի հարցը:
Որոշվել է պայքար ծավալել երկրի զինված ուժերում «զուգահեռ կառույցի» (գյուլենական շարժման) բարձրաստիճան ներկայացուցիչների դեմ և իրականացնել «զուգահեռ մաքրում»:
Ընդգծվել է Թուրքիայի զինված ուժերը նման անձանցից հնարավորինս շուտ ազատելու կարևորությունը, ինչը կնպաստի երկրի անվտանգության մեծացմանն ու ժողովրդի խաղաղությանը:
«Զուգահեռ կառույցի» ներկայացուցիչները տարիներ շարունակ արմատներ են ձգել պետական կառույցների բոլոր ճյուղերում, ինչպես նաև զինված ուժերում: Այժմ Բարձրագույն կարգապահական խորհուրդը պետք է զինված ուժերի կազմում հայտնաբերի այդ մարդկանց և նրանց հեռացնի բանակի շարքերից:
Օգոստոսի 1-ին Թուրքիայում կայանալու է Բարձրագույն ռազմական խորհրդի (YAŞ) նիստը, որում նույնպես քննարկվելու է «կասկածելի» զինվորականների, այդ թվում նաև YAŞ-ի կազմում գտնվողների հեռացման հարցը: