«Հոկտեմբերի 27-ի գործով վկա Տիգրան Նազարյանը ԱՄՆ-ում քաղցկեղից չի մահացել». 1in.am
«Հրապարակ» օրաթերթը վերջերս տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Հոկտեմբերի 27-ի գործով առանցքային վկա, Հ1-ի նախկին թղթակից, ԱՄՆ-ում առեղծվածային մահով մահացած Տիգրան Նազարյանը մահվանից առաջ տեսաձայնագրություն է ուղարկել Հայաստան: Հրապարակման համաձայն՝ Նազարյանը սենսացիոն բացահայտումներ է արել Հոկտեմբերի 27-ի կապակցությամբ՝ մասնավորապես գործին առնչություն ունենալու մեջ մեղադրել Հայաստանի առաջին և երկրորդ նախագահներին, երկրորդ նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանին:
Տիգրան Նազարյանը վերջին հարցազրույցը տվել է Լոս Անջելեսի AMGA հայկական հեռուստաալիքի «Վարագույր» ծրագրի տնօրեն, մեկնաբան Ռուդիկ Հովսեփյանին, որի ժամանակ գործի կապակցությամբ կրկին հետաքրքիր հայտարարություններ է արել:
«Առաջին լրատվական»-ը զրուցեց Ռ. Հովսեփյանի հետ՝ պարզելու համար, թե պատկերացում ունի՞, թե այդ նոր տեսաձայնագրությունն ինչ բովանդակություն կարող է ունենալ:
Ի պատասխան մեր հարցադրման՝ Հովսեփյանն ասել է, թե չի կարծում, որ Տիգրան Նազարյանը որևէ նոր բան կարող է ասած լինել: Նրա դիտարկմամբ՝ եթե լիներ նման ձայնագրություն, ապա այն մարդը, ում իբր դա ուղարկվելէ, վաղուց ջրի երես կհաներ:
Կայքը մեկ ուշագրավ հանգամանք է պարզել Ռուդիկ Հովսեփյանից: Նա կասկածի տակ է դրել պաշտոնական այն վարկածը, թե Տիգրան Նազարյանը մահացել է քաղցկեղից.
«Այդ տեսաձայնագրությունը, իմ կարծիքով, հերթական տարածված բլեֆ է: Տիգրանը երբեք չէր սպասում մահվան: Ես իրեն տեսել եմ մահից կարճ ժամանակ առաջ, միանգամայն առողջ էր, ինձ էլ առողջություն էր մաղթում: Շնորհակալություն հայտնեց, որ իրեն այդ վիճակից հանել եմ: Ես էլ ասացի՝ որ օրը նորից ասելու բան ունենաս, արի, ասաց՝ եղավ: Շատ լավ էր. եթե Տիգրան Նազարյանը քաղցկեղ ունենար, նա այդ ժամանակ քիմիաթերապիա պետք է ընդուներ և այդ բարձր տրամադրությունը չէր ունենա, կասեր՝ հիվանդ է, անբուժելի հիվանդություն ունի: Հետո՝ այստեղ քաղցկեղից մահացող չկա, ամենածանր քաղցկեղից՝ արյան քաղցկեղից, մեկ կամ երկու ամսում մահացող չկա, եթե մահանում են, ուրեմն գոնե 3-4 տարի հիվանդ են եղել, այստեղ երկարացնում են կյանքը:
Գիտեք, ես աշխարհում ոչինչ չեմ բացառում, բայց ես չեմ հավատում: Ես հիմա հիվանդ եմ, ամբողջ քաղաքը գիտի, որ ես քիմիաթերապիա եմ ընդունում, իսկ ո՞նց եղավ, որ իր շրջապատից ոչ մեկը չգիտեր, որ նա քաղցկեղով հիվանդ է»,-ասել է Հովսեփյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: