Քաղաքագետ. «Շարմազանովի ասածը նորմալ է, բայց նորմալ չէ Հայաստանի պարագայում»

«Պարոն Շարմազանովի ասածը շատ նորմալ է այն առումով, որ բոլոր դեմոկրատական երկրներում, որտեղ ընտրություններն արդար են տեղի ունենում, այն քաղաքական ուժը, որը մեծամասնություն է կազմում, ձևավորում է իշխանություն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Նա հիշեցրեց` քանի որ մենք խառը կառավարման հանրապետություն ենք (նախագահական-պառլամենտական), մեզ մոտ համապետական ընտրությունները երկուսն են. մեկը նախագահականն է, մյուսը՝ պառլամենտականը:
«Ինքնըստինքյան երկուսի դեպքում էլ գործող իշխանությունն իր ձեռքում պահած կուսակցությունը (Հանրապետական կուսակցությունը) առաջին տեղն է գրավել: Նա շատ նորմալ է այդ մասին ասում, որ, այո՛, քանի որ իրենք մեծամասնություն են, ԱԺ-ում 60%-ից ավելի ձայներ ունեն, նախագահականի ժամանակ իրենց թեկնածուն հաղթել է, ինքնըստինքյան, և´ վարչապետը, և´ ԱԺ նախագահը պետք է լինեն իրենց կուսակցությունից: Դա վերաբերում է նորմալ դեմոկրատական երկրներին, որտեղ ընտրությունները տեղի են ունենում արդար»:

Սակայն քաղաքագետը նկատեց, որ մեզ մոտ խնդիրն այլ է. «Իրենք շատ լավ գիտեն, թե նույն ԱԺ ընտրությունների ժամանակ ինչպես իրենք տարան այդ հաղթանակը (մեծամասամբ՝ այդ 5000 դրամով իրենց ձայնը վաճառող ընտրողներն էին, ովքեր իրենց ձայնը տվեցին նրանց): Իհարկե, ես չեմ ասում, որ Հանրապետական կուսակցությունն իր ընտրողները չունի: Ունի, բայց ինքը երևի այդքան շատ ձայն չէր ստանա: Եվ մեկ բան նշեմ, որ ՀՀ-ն այն շատ քիչ երկրներից է աշխարհում, որտեղ գործող իշխանությունը սոցիալական հենարան չունի:

Այնպես որ, Շարմազանովի ասածը շատ նորմալ երևույթ է, բայց, եթե երկիրը դեմոկրատական է:

Կարդացեք նաև

Բայց մեր երկիրը գտնվում է շատ ծայրահեղ ծանր սոցիալական վիճակում, խնդիրը սրա մեջ է: Իրենք հիմա չպետք է նստեն և նայեն, թե իրենք հաղթանակ են տարել 2 տարի առաջ, ուրեմն՝ վերջ, իշխանությունն իրենց ձեռքում է, և իրենք ինչ ուզենան՝ կանեն:

Գ. Համբարյանի կարծիքով` մեզ հիմա պետք է շատ կտրուկ քայլեր կատարել սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու, արտագաղթը նվազեցնելու ուղղությամբ, որովհետև ՀՀ-ից այսպիսի տեմպերով արտագաղթը շարունակվելու դեպքում մենք կունենանք շատ լուրջ խնդիրներ, ընդհուպ՝ մինչև բանակի ձևավորման.

«Այնպես որ, ես գտնում եմ` պարոն Շարմազանովի ասածը նորմալ է, բայց նորմալ չէ Հայաստանի պարագայում, երբ մենք տեսնում ենք, որ իրենց կուսակցության անդամը, որը երկրի վարչապետն էր 6 տարի, բացարձակ իրեն չարդարացրեց: Բոլոր կրիտերիաներով ՀՀ-ում տեղի է ունեցել անկում»:

Հիշեցնենք, որ Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ հայտարարել է, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո Հայաստանում ստեղծվել է նոր քաղաքական իրավիճակ: Նրա համոզմամբ` գալիք տարիներին Հայաստանում որոշիչ է լինելու Հանրապետականի ձայնը, և պետության կառավարման ղեկին ձգտելու հիմնական, եթե ոչ՝ միակ ճանապարհը Հանրապետական կուսակցությունն է, ավելի կոնկրետ` Մելիք-Ադամյան փողոցը, որտեղ գտնվում է ՀՀԿ-ի գլխավոր գրասենյակը:

 

Տեսանյութեր

Լրահոս