Րաֆֆի Հովհաննիսյանը դառնում է երկրապահ
«Ես համարում եմ ցավալի, որ երեկ` քվեարկության ժամանակ, չկար միահամուռ մոտեցում, կարծում եմ` դա վերջին ահազանգն է մինչև կառավարության ծրագրի ներկայացումը»,- այսօր կայացած ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը` գնահատելով Ազգային ժողովի նախագահի ընտրությունները և ոչ իշխանական խորհրդարանական ուժերից մի քանիսի մասնակցությունն այդ քվեարկությանը:
Նա ասել է, թե երբեք չի օգտագործել «քառյակ» եզրը, այլ ողջունել է չորս ուժերի կողմից աննախադեպ համագործակցությունը խորհրդարանի ներսում, և հիմա հույս ունի, որ այդ համագործակցությունը կշարունակվի և կխորանա: «Սակայն ակնհայտ է, որ գործ ունենք ինքնուրույն չորս ուժերի հետ, և, այո´, միասնական օրակարգն այդ չորս ուժերի գլոբալ օրակարգից տակավին բացակայում է: Ես հույս ունեի, որ ապրիլ ամսում կունենայինք այդ միացյալ հրապարակը, որի մասին խոսել ենք, բայց հասկանալով, որ իմ ժամացույցը մեկ-մեկ աշխատում է ավելի արագ, քան մյուսներինը, ես սիրով կսպասեմ մինչև մայիսի կեսերը, երբ խորհրդարանում պետք է ներկայացվի կառավարության ծրագիրը, իսկ եթե կառավարության ծրագրի շուրջ չլինի միասնական, ամբողջական դիրքորոշում՝ թե´ խորհրդարանում, թե´ հրապարակներում, այն ժամանակ ես կտամ իմ ավարտական գնահատականը»,- հայտարարել է ժամանակին «Սարերի քամի» խոստացող, ապա պարտությունը հաղթանակի չափ «հնարավոր» համարող ու այդպիսին դարձրած Րաֆֆի Հովհաննիսյանը:
Թե որ ապրանքանիշի ժամացույց է նա կրում, ու որ ժամային գոտում է աշխատում այդ ժամացույցը, Րաֆֆի Հովհաննիսյանը չի մասնավորեցրել: Հասկանալի է, որ համեստության փարոսի դերում ներկայացող Րաֆֆի Հովհաննիսյանը փորձել է այդպիսով ներկայացնել, որ ինքը ոչ թե շարքային քաղաքական գործիչներից է, ովքեր զբաղված են ընթացիկ, մանր-մունր հարցերով, այլ համարյա պայծառատես ստրատեգ, ով տեսնում է ավելի հեռուն, քան մյուս մահկանացուները, ում մտածածի հետևից պարզունակ հայ հասարակությունը հասնել չի կարողանում:
Այսպիսով, նա բացառիկ արժեք է Հայաստանի և հայ հասարակության համար: Ինչպես, օրինակ, Երկրապահ կամավորականների միությունը: Ու երևի արժեքային համընկնումն է ստիպել Րաֆֆի Հովհաննիսյանին քաղաքականության մեջ ընտրել ԵԿՄ-ի մարտավարությունը: Եթե հիշում եք, ժամանակին՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ողբերգությանը հաջորդող մեկ-երկու տարիներին, ԵԿՄ-ն պարբերաբար իշխանափոխության ժամկետներ, նախագահի նստավայրը գրավելու ամսաթվեր էր հրապարակում, նույնիկս զորահավաքներ էր անցկացնում այդ նպատակով: Տարիների ընթացքում, իհարկե, իշխանափոխություն տեղի ունեցավ՝ Ռոբերտ Քոչարյանին փոխարինեց Սերժ Սարգսյանը: Թե ինչ ներդրում ունեցավ այդ գործում ԵԿՄ-ն, հայտնի է: Ինչպես որ հայտնի է՝ որտեղ և ինչ ֆունկցիաներ է իրականացնում այսօր անհաղթ ու անպարտելի մարտիկներից կազմված այդ կառույցը:
Րաֆֆի Հովհաննիսյանն անցած տարվա փետրվարից անընդհատ «հանգրվանային» ժամկետներ է հռչակում՝ ապրիլի 9-ը, հետո՝ մայիսի 1, հետո՝ մայիսի 9-ը… պատահում է, որ ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը նաև կորում է՝ մեկ «Պուդինի մոտ է գնում», մեկ՝ Պուտինին պատժամիջոցների ենթարկող ԱՄՆ, վերադառնում է ու նորից սկսում ժամկետներ հրապարակել՝ մարտ, ապրիլ, հիմա էլ՝ մայիս:
Այնպես որ, Րաֆֆի Հովհաննիսյանը հաստատուն քայլով դառնում է երկրապահ, ում հետ ունի ևս մեկ սկզբունքային ընդհանրություն: Երկուսն էլ քաղաքականությունից, մեղմ ասած, չեն հասկանում, բայց ժամանակ առ ժամանակ զբաղվում են դրանով: ԵԿՄ-ն՝ իշխանությունների համար, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ իշխանափոխության: ԵԿՄ-ի մոտ առայժմ ավելի լավ է ստացվում: