Րաֆֆի Հովհաննիսյան. Պետք է նոր իրավիճակ լինի` կառավարության ծրագրի տապալմամբ

«Ես համարում եմ ցավալի, որ երեկ` քվեարկության ժամանակ, չկար միահամուռ մոտեցում, կարծում եմ` դա վերջին ահազանգն է մինչև կառավարության ծրագրի ներկայացումը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը` գնահատելով Ազգային ժողովի նախագահի ընտրությունները և ոչ իշխանական խորհրդարանական ուժերից մի քանիսի մասնակցությունը այդ քվեարկությանը:

Րաֆֆի Հովհաննիսյանն ընդծեց, թե երբեք չի օգտագործել «քառյակ» եզրը, այլ ողջունել է չորս ուժերի կողմից աննախադեպ համագործակցությունը խորհրդարանի ներսում, և հիմա հույս ունի, որ այդ համագործակցությունը կշարունակվի և կխորանա:

«Սակայն ակնհայտ է, որ գործ ունենք ինքնուրույն չորս ուժերի հետ, և, այո´, միասնական օրակարգն այդ չորս ուժերի գլոբալ օրակարգից տակավին բացակայում է: Ես հույս ունեի, որ ապրիլ ամսում կունենայինք այդ միացյալ հրապարակը, որի մասին խոսել ենք, բայց՝ հասկանալով, որ իմ ժամացույցը մեկ-մեկ աշխատում է ավելի արագ, քան մյուսներինը, ես սիրով կսպասեմ մինչև մայիսի կեսերը, երբ խորհրդարանում պետք է ներկայացվի կառավարության ծրագիրը, իսկ եթե կառավարության ծրագրի շուրջ չլինի միասնական, ամբողջական դիրքորոշում թե´ խորհրդարանում, թե´ հրապարակներում, այն ժամանակ ես կտամ իմ ավարտական գնահատականը»,- նշեց Հովհաննիսյանը:

Նրա կարծիքով` հենց կառավարության ներկայացվելիք ծրագիրն է դառնալու չորս ուժերի համագործակցության ամենաառանցքային քննությունը, բայց եթե կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ կրկնվի այնպիսի քվեարկություն, ինչպես երեկ էր, ուրեմն դա կծնի քաղաքական նոր իրավիճակ. «Սա վերջին քննությունն է»:

Կարդացեք նաև

«Իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պահանջը պետք է տեղի ունենար շատ ավելի շուտ և շատ ավելի հրապարակային, բայց ընդունելով, որ մենք ունենք համագործակցության կարևոր արժեք, մենք համաձայնել ենք սպասել կառավարության ծրագրի ներկայացմանը… Այդ ուժերը ժողովրդին խոստացել են միացյալ հրապարակ և համակարգային փոփոխություններ, և այդ խոստացված փոփոխությունները պետք է կատարվեն մայիս ամսին»,- ավելացրեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Իսկ ինչպիսի՞ ծրագիր պետք է ներկայացնի նոր կառավարությունը, որ «Ժառանգությունը» չդնի իշխանափոխության խնդիր: Ի պատասխան մեր այս հարցին` պարոն Հովհաննիսյանը նախ ժպտաց, հետո ավելացրեց, թե մեկ-մեկ ասում, մեկ-մեկ էլ խուսափում է «իշխանափոխություն» եզրույթից, քանի որ այն շատ չարչրկված է, սակայն, իր կարծիքով, այդ փոփոխությունն, այդուհանդերձ, անհրաժեշտ է:

«Ես համարում եմ, որ գործող վարչապետը դե ֆակտո վարչապետ է, և գործող կառավարությունը նույնպես դե ֆակտո է, ինչպես գործող նախագահը: Կարծում եմ` գործող վարչապետը միայնակ չէ. շատ ու շատ պաշտոնյաներ ապրում են շահերի բախման տիրույթում, և իրենք ստանձնել պետական լծակներ ու պատասխանատվություն, և միաժամանակ իրենք տնօրինում են տնտեսության այս կամ այն բաժինը` գյուղատնտեսությունը, ձկնաբուծությունը, հանքերը և այլն, ուղղակի կամ անուղղակի:

Վրադիր` գործող վարչապետը նաև վերջին ընտրությունների ժամանակ իր թեկնածուի շտաբի պետն էր, և բոլորս գիտենք, որ այդ ընտրությունների ժամանակ տեղի ունեցավ ընտակեղծիքների մեծ, աննախադեպ համալիր, իմ կարծիքով` պետական հանցագործություն: Եվ կարծում եմ` պատասխանատվությունը մինչև հիմա չի իրացվել, նաև ինքը պետք է հաշվետու լինի ժողովրդին այդ հարցով: Ինքն ապրում է շահերի բախման տիրույթում, և ես ոչ մի ակնկալիք չունեմ, բացի կոսմետիկական ինչ-որ փոփոխություններից,- ասաց «Ժառանգության» առաջնորդը` ավելացնելով.- Համագործակցող բոլոր ուժերի վերջնական հայտարարով վերջին հանգրվանն այն է, թե կառավարության ծրագիրը կընդունվի՞, թե՞ կտապալվի, ընդդիմություն կլինի՞ այդ ծրագրին թե´ խորհրդարանի ներսում, թե´ փողոցում:

Ներկա դրությամբ միակ բանը, որ փոխվել է, այն է, որ Սարգսյանը փոխարինվել է Աբրահամյանով, և եղել են որոշ այլ փոփոխություններ: Որևէ այլ փոփոխություն չկա: Ժողովրդի մեծ մասը սպասել է և սպասում է միասնական այդ հրապարակին: Դա պետք է տեղի ունենար ապրիլին, և ես ոչ թե ասում եմ, որ եթե ծրագիրն ընդունվի, նոր իրավիճակ կլինի, այլ պետք է նոր իրավիճակ լինի` այդ կառավարության ծրագրի տապալմամբ: Դա է չորս ուժերի, չորս խմբակցությունների համաձայնության վերջին հանգրվանը»:

Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանից նաև հետաքրքրվեցին, թե ինչպես կգնահատի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը, ինչին ի պատասխան` նա ասաց` «տեղեկություն չունեմ»:

Տեսանյութեր

Լրահոս