Քաղաքապետարանը դարձյալ չի կարողացել արդարացնել իր ակնհայտ խախտումները. Օմբուդսմեն
Երկակի ստանդարտներով տարածքների սեփականաշնորհման Օմբուդսմենի հայտարարությանը Երևանի քաղաքապետարանը հակադարձել է ծավալուն, բայց ակնհայտորեն հիմնազուրկ: Չունենալով փաստարկներ՝ Քաղաքապետարանն անհարկի մեջբերումներ է անում օրենքից: Նման խրթին պարզաբանման մեջ ընդհանրապես բացակայում է պարզությունը, ավելին՝ փորձ է արվում տպավորություն ստեղծել իբր կա որևէ արդարացում ակնհայտ և համատարած խախտումներին:
Կարելի էր բավարարվել այսքանով, սակայն անդրադառնում ենք Քաղաքապետարանի արդարացումներին նաև կետ առ կետ.
- Երևանի քաղաքապետարան.Մայրաքաղաքի դեռևս ոչ բոլոր բակային տարածքներում են հստակեցված գոտիավորման սխեմաները:
Պաշտպանի աշխատակազմ. Մեր բարձրացրած խնդիրը վերաբերում է Արաբկիր վարչական շրջանին, որի գոտիավորման նախագիծը հաստատվել է դեռևս 2007 թվականին:
- Երևանի քաղաքապետարան.Բակային տարածքները հարկավոր է ազատել ինքնակամ կառուցված և ժամանակավոր շինություններից:
Պաշտպանի աշխատակազմ. Այո, եթե այդ գործընթացը չի իրականացվում երկակի ստանդարտներով և վերաբերում է ինքնակամ կամ ժամանակավոր կառուցված բոլոր շինություններին: Մինչդեռ, կան արտոնյալներ, որոնց շինությունները չեն քանդվում:
- Երևանի քաղաքապետարան. 2009թ. Երևանի կարգավիճակի փոփոխությամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել բնակավայրերի ծրագրային փաստաթղթերը համապատասխանեցնել գործող օրենսդրության պահանջներին։ Երևան քաղաքի ավագանին է որոշում ընդունում Երևան քաղաքի գլխավոր հատակագծին համապատասխան մշակված՝ Երևան քաղաքի առանձին տարածքների գոտիավորման նախագծերի, ինչպես նաև նախագծային առաջադրանքների վերաբերյալ:
Պաշտպանի աշխատակազմ. 2013 թվականին, սակայն, կրկին ավագանու որոշմամբ՝ Երևան քաղաքի զարգացման 2014-2017 թվականների քառամյա ծրագրով Արաբկիր վարչական շրջանի գոտիավորման նախագծերի մշակման կամ փոփոխման վերաբերյալ որևէ դրույթ նախատեսված չէ: Այսինքն, ավագանու վերջին որոշմամբ, նշված վարչական շրջանի գոտիավորման սխեմաները փոփոխման ենթակա չեն:
Պաշտպանի աշխատակազմ