ՀԱԿ-ը նախընտրեց Գալուստ Սահակյանին

Այսօր տեղի կունենա ԱԺ նախագահի ընտրությունը. ՀՀԿ-ն առաջադրել է Գալուստ Սահակյանի թեկնածությունը, իսկ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն ինքնառաջադրվել է: Բայց որպեսզի այսօր հնարավոր լինի ընտրություն կազմակերպել, երեկ ՀՀԿ-ական 44 պատգամավոր ստորագրություն էր հավաքել և արտահերթ նիստ հրավիրել, ներկայացնելով որոշման նախագիծ հաշվիչ հանձնաժողովի ձևավորման կարգը փոխելու մասին: ՀՀԿ-ն հերթական անգամ մեծացրեց հանձնաժողովում իր ներկայացվածությունը` 5-ից հասցնելով 7-անդամի:

Նման անհրաժեշտություն առաջացավ ՕԵԿ դիրքորոշման փոփոխության պատճառով: Գործող հաշվիչ հանձնաժողովում ՕԵԿ ներկայացուցիչ Իշխան Խաչատրյանը երեկ հայտարարել էր, որ ինքը ևս միանում է քառյակի կողմից դեռևս փետրվարի 3-ին հայտարարված բոյկոտին:

Նախորդ տարեվերջին ԱԺ-ում «Գազային համաձայնագրերը» վավերացնելու ժամանակ ՀՀԿ-ն խնդիրներ ունեցավ հաշվիչ հանձնաժողովում: Այն ժամանակ ՀՀԿ-ն հանձնաժողովում ուներ ընդամենը 2 անդամ, այն դեպքում, երբ ոչ իշխանական քառյակն ուներ չորս անդամ: Այս իրավիճակը փոխելու համար 2014թ. փետրվարի 3-ին` ԱԺ հինգերորդ գումարման, հինգերորդ նստաշրջանի հենց առաջին օրը ՀՀԿ-ն որոշման նախագիծ ընդունեց, որով փոխվում էր հանձնաժողովի անդամների հարաբերակցությունը: Հանձնաժողովի 7 անդամների փոխարեն` որոշվեց ունենալ 11 հոգանոց հանձնաժողով, որտեղ 5 անդամ ունի ՀՀԿ-ն, 2 անդամ` ԲՀԿ-ն, և մեկական անդամ` ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը»: ՀՀԿ-ի հաշվարկն այն էր, որ կոալիցիոն դաշնակից ՕԵԿ-ի հետ հանձնաժողովում ունենում է 6 անդամ, և դա բավարար է հանձնաժողովում և՛ քվորում ունենալու, և՛ հանձնաժողովում որոշումներ ընդունելու համար:

Փետրվարի 3-ի որոշումից հետո ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» որոշեցին բոյկոտել հաշվիչ հանձնաժողովի գործունեությունը և այդ հանձնաժողովում անդամներ չունենալ: Ստացվեց, որ հանձնաժողովն ուներ 6 անդամ` 5 ՀՀԿ-ական և 1 ՕԵԿ-ական:
Երեկ խորհրդարանի նիստի սկզբում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ ՕԵԿ-ն ընդդիմություն է: Հետևելով մյուս ընդդիմադիր և այլընտրանքային խմբակցությունների օրինակին` ՕԵԿ-ը նույնպես որոշեց բոյկոտել ԱԺ հաշվիչ հանձնաժողովի գործունեությունը: Ստացվեց, որ 11 հոգանոց հանձնաժողովում մնաց 5 անդամ, ինչը բավարար չէ նիստեր գումարելու և որոշումներ կայացնելու համար: Մինչդեռ հենց հաշվիչ հանձնաժողովն է կազմակերպում ԱԺ նախագահի ընտրությունները:

Կարդացեք նաև

Ստեղծված իրավիճակը քննարկելու համար ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երեկ իր մոտ էր հրավիրել խմբակցությունների ներկայացուցիչներին և առաջարկել, որ կա՛մ նրանք փոխեն իրենց դիրքորոշումը և մասնակցեն հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին, կա՛մ ՀՀԿ-ն ԱԺ բնականոն աշխատանքն ապահովելու համար ստիպված է լինելու նոր որոշման նախագիծ ներկայացնել և հերթական անգամ մեծացնել իր ներկայությունը հանձնաժողովում. այնքան, որ կարողանա միայն ՀՀԿ-ականներով հանձնաժողովի նիստեր գումարել և ընտրություններ կազմակերպել:

Մյուս 5 խմբակցությունների ներկայացուցիչները հրաժարվել էին փոխել իրենց դիրքորոշումը, և ՀՀԿ-ին այլ բան չմնաց, քան արտահերթ նիստ գումարել: Ընդամենը 2 ժամում ՀՀԿ-ին հաջողվեց հավաքել 68 պատգամավորի, այդպիսով ցուց տալով, որ կարող է միայնակ էլ քվորում ապահովել և անցկացնել ցանկալի որոշումները:
Ըստ երեկ ընդունված որոշման` ՀՀԿ-ն հաշվիչ հանձնաժողովում ունի 7 անդամ, իսկ մյուս 5 խմբակցությունները միասին` 6 անդամ,չնայած այդ հինգ խմբակցություններն էլ հրաժարվում են մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, և փաստացի հանձնաժողովն ունի 7 անդամ: Այսօր արդեն ՀՀԿ-ական հանձնաժողովը կկարողանա կազմակերպել ԱԺ նախագահի ընտրությունները:

Ինչպես նշեցինք ՀՀԿ-ն շարունակում է խորհրդարանում ունենալ որակյալ մեծամասնություն, ինչը նշանակում է, որ ԱԺ նախագահի ընտրությունների արդյունքը կարելի է կանխորոշված համարել: Այդ պայմաններում թվում է, որ բացի ՀՀԿ-ական թեկնածուից, այլ առաջադրումներ պետք է որ չլինեն: Բայց բոլորի համար անսպասելի իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարեց ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը:

Նրանից հետո «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Թևան Պողոսյանը հայտարարեց, որ ԱԺ նախագահի թեկնածու է առաջադրում «Ժառանգություն» խմբակցության նախագահ Ռուբիկ Հակոբյանին: «Ժառանգությունը» քառյակի անդամ է, և նախօրեին տեղի ունեցած քառյակի նիստի ավարտից հետո ԲՀԿ ներկայացուցիչ Ստեփան Մարգարյանը հայտարարեց, որ քառյակն ԱԺ նախագահի թեկնածու չի առաջադրելու:

Ըստ քառյակին մոտ կանգնած աղբյուրների` «Ժառանգության» ներկայացուցիչները հայտարարել են, որ կարող են առաջադրել Ռուբեն Հակոբյանի թեկնածությունը, բայց դեռ վերջնական որոշում չեն կայացրել: Նրանք խոստացել են այդ հարցում վերջնական որոշում ընդունելու դեպքում տեղյակ պահել մյուս կուսակցություններին, ինչը չեն արել: Ինչևէ, Ռուբեն Հակոբյանը հանդես եկավ ծրագրային կես ժամանոց ելույթով, խոսեց, թե ինչն է մտադիր փոխել ԱԺ աշխատանքում, որ մտադիր է ընդդիմությանը տալ վերահսկիչ ֆունկցիաներ, բարձրացնել ԱԺ հեղինակությունն ու այն ավելի ներկայանալի դարձնել. հիշելով իր հյուպատոսական գործունեությունից մի դեպք, թե ինչպես են հայ համայնքի ներկայացուցիչները ցանկացել հաշվեհարդար տեսնել իրեն ոչ պարկեշտ պահած ԱԺ պատգամավորի նկատմամբ:

Հակոբյանի թեկնածության պաշտպանությամբ հանդես եկավ Թևան Պողոսյանը` ընդգծելով իրենց թեկնածուի հնարավորությունները և արժանիքները: Բայց, ի վերջո, Ռուբեն Հակոբյանն ինքնաբացարկ ներկայացրեց, հայտարարելով, որ իր համար պարզ է գործող խորհրդարանի քաղաքական քարտեզը: Նա նկատի ուներ, որ գիտի, որ խորհրդարանում ՀՀԿ-ն մեծամասնություն է, և իմաստ չունի այդ պայմաններում առաջադրվել: Հետաքրքիր է՝ Ռուբեն Հակոբյանը մինչև առաջադրվելը դրա մասին չգիտե՞ր, թե՞ նրան միայն վերջին պահին պարզ դարձավ, որ ՀՀԿ-ն խորհրդարանական մեծամասնություն է:

Մյուս թեկնածուի` Հրանտ Բագրատյանի պարագան շատ ավելի բարդ է: Ի տարբերություն Հակոբյանի, նրան առաջադրեց ոչ թե խմբակցությունը, այլ ինքն իրեն: Բայց Հրանտ Բագրատյանն անհամեմատ ավելի ներկայանալի կենսագրություն ունի, քան Ռուբեն Հակոբյանը կամ Գալուստ Սահակյանը:

Բագրատյանն իր ելույթում նշեց, որ ինքը գիտությունների դոկտոր է և դոկտորականը պաշտպանել է Մոսկվայում, ազատորեն տիրապետում է հինգ լեզուների, բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ է: Որպես իր ազնվության հավաստիք` հայտարարեց, որ եղել է, 90-ականների սկզբին իրականացված «սեփականաշնորհման հայրը» և իրեն նույնիսկ մի կրպակ չի վերցրել, որ իր վարչապետության օրոք Հայաստանն առաջինն է եղել որ տնտեսական աճ է ունեցել ԱՊՀ տարածքում, իսկ իր վարչապետության ավարտին` 1996թ. մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի արդյունքով Հայաստանն առաջ էր թե՛ Վրաստանից, թե՛ Ադրբեջանից: Բագրատյանը մանրամասն և կետ առ կետ ներկայացրեց, թե ինչն է մտադիր փոխել ԱԺ աշխատանքում: Նա, ըստ էության, ընտրության հնարավորություն առաջարկեց ՀՀԿ-ին` ասելով՝ դուք կարող եք ընտրել իմ և Գալուստ Սահակյանի միջև, ով հավաստիացնում էր, որ ոչ մի երթուղայինի գիծ չունի և իր ունեցած միակ գիծը քաղաքականն է:

Ինչո՞ւ ենք ասում, որ Բագրատյանն ընտրության հնարավորություն առաջարկեց ՀՀԿ-ին, որովհետև ՀԱԿ խմբակցությունը, ավելի ճիշտ` նրա ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք չեն կարևորում ԱԺ նախագահի ընտրությունները և չեն մասնակցելու քվեարկությանը: Մեր տեղեկություններով` Բագրատյանի օգտին ՀԱԿ խմբակցությունից կարող է քվեարկել միայն Նիկոլ Փաշինյանը: Բագրատյանի օգտին կարող են քվեարկել նաև որոշ ԲՀԿ-ական պատգամավորներ:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը երեկ հայտարարեց, որ իրենք կկողմնորոշվեն միայն այսօր առավոտյան: Ըստ ամենայնի, ԲՀԿ-ն կորոշի ազատ քվեարկության ռեժիմ, որի պայմաններում ԲՀԿ-ականների մեծամասնությունը կքվեարկի հօգուտ Գալուստ Սահակյանի, իսկ մի քանիսը կքվեարկեն հօգուտ Հրանտ Բագրատյանի: Ավելի մեծ զավեշտ հնարավոր չէ պատկերացնել, քան ՀԱԿ պահվածքը:

Ընդամենը մի քանի ամիս առաջ ՀԱԿ-ը կարևորում էր հաշվիչ հանձնաժողովի գործունեությունը և հասավ նրան, որ այդ հանձնաժողովի նախագահ ընտրվեց ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը, իսկ երբ ՀՀԿ-ն այդ տեղը վերցրեց ՀԱԿ-ից, նրանք որոշեցին բոյկոտել հանձնաժողովի աշխատանքը: Հաշվիչ հանձնաժողովի նախագահի պաշտոնը կարևորող ՀԱԿ-ը որոշել է չկարևորել ԱԺ նախագահի պաշտոնը: Երևի մտածում են, որ եթե այնտեղ չկարողանան իրենց ներկայացուցչին անցկացնել, ապա ստիպված կլինեն բոյկոտել խորհրդարանի նիստերը:

Իսկ գուցե Լևոն Զուրաբյանը և մյուսների համար, Գալուստ Սահակյանն ավելի նախընտրելի ԱԺ նախագահ է, քան Հրանտ Բագրատյանը:

Տեսանյութեր

Լրահոս