Ընդդիմությունը մեռավ. «Հրապարակ»
«Հրապարակը» իր այսօրվա խմբագրականում գրում է.
«Ինչո՞ւ է ընդդիմադիր քառյակը տարօրինակ մեղմություն ցուցաբերում նորընտիր վարչապետի նկատմամբ, ինչո՞ւ միասնական մոտեցում չձեւավորեց ԱԺ նախագահի հետ կապված եւ ինչո՞ւ հանդես չեկավ միասնական թեկնածուով: Քառյակն իր «ընդդիմադիր» կեցվածքը, փաստորեն, ամբողջովին սպառել է նախկին վարչապետի հետ կապված եւ հիմա անցել է իր բնույթին խիստ հարազատ Հովիկ Աբրահամյանի ու Գալուստ Սահակյանի հետ սիրախաղերին: Օրերս մի զրույցի ժամանակ փորձեցի պարզել, թե ինչով է ընդդիմությունը բացատրում ԱԺ նախագահի պաշտոնում թեկնածու չառաջադրելը, չէ՞ որ ժամանակին էլ, երբ բարձրացնում էին կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը, իրենց մանդատների քանակը նույնն էր, եւ անգամ ՀՀԿ-ն այն ժամանակ ավելի հզոր էր՝ ՕԵԿ մանդատներով ապահովագրված: Այժմ ընդդիմությունը կարող էր ամբողջ 55 ձայնի հույս ունենալ, ինչը քիչ չէ: Էլ չենք խոսում այն մասին, որ հանրությանը եւս մեկ անգամ կկարողանային ապացուցել, թե ինչքան կարեւոր մարմին է ԱԺ-ն, եւ որքան կարեւոր է իրենցից յուրաքանչյուրի քվեն ընտրությունների շրջանում: Այդ խեղճ ու ծախու պահվածքը, երբ մի կողմից ասում են՝ մենք չենք մասնակցում քվեարկությանը, մյուս կողմից՝ ազատ ենք թողնում՝ ով ինչպես ուզում է, թող քվեարկի, միայն մի բանի մասին է խոսում, որ մենք, ցավոք, ընդդիմություն չունենք: Մեր միակ ընդդիմությունը, փաստորեն, Հրանտ Բագրատյանն է, ով, վստահ լինելով, որ չի ընտրվելու, առաջադրվում է, ով իր մեջ համարձակություն է գտնում դեմ գնալու իր «երամին», ով չի վախենում պարտվելուց»:
Կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։