«Քայքայիչ պաշտամունքները և փողոցային արատավոր բարքերը որպես պաշտպանունակության սպառնալիք»
Ապրիլի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ «Քայքայիչ պաշտամունքները և փողոցային արատավոր բարքերը որպես պաշտպանունակության սպառնալիք» թեմայով գիտագործնական կոնֆերանսը, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների ներկայացուցիչներ, գիտակրթական ոլորտի և հասարակական կառույցների ներկայացուցիչներ:
Կոնֆերանսի բացման խոսքով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով կարևորեց կոնֆերանսի դերակատարությունը` քայքայիչ պաշտանմունքների և արատավոր բարքերի կանխանգելման ուղղությամբ համակարգված քայլերի և նախաձեռնությունների ներկայացման, դրանց հակազդման արդյունավետ միջոցների մշակման գործում:
Սեյրան Օհանյանը ընդգծեց նաև, որ Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգության ապահովման, անցյալի աղետալի էջերի կրկնությունը բացառելու համար անհրաժեշտ է, որ բոլորս ապրենք ոչ թե տարբեր պաշտամունքների թելադրանքով, այլ հավատամք դարձնենք այնպիսի արժեքներ, ինչպիսիք են Հայրենիքը, Հայ Առաքելական եկեղեցին, պահպանենք ու զարգացնենք մեր մշակույթը, մայրենի լեզուն ու ազգային նկարագիրը:
Կոնֆերանսի ընթացքում զեկույցով հանդես եկավ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը: Զեկույցում նշվեց, որ պաշտպանական գերատեսչության կողմից երիտասարդ սերդի հայրենասիրական դաստիարակության բարելավման, ազգային դիմագիծ ու նկարագիր հաղորդելու ասպարեզներում իրականացվող աշխատանքների մեծ ծավալն ու կարևորությունը պարտադրում են այս ոլորտում ներգրավել ոչ միայն շահագրգիռ պետական գերատեսչություններին, մանկավարժներին և հասարակական դաշտի ներկայացուցիչներին, այլև հանրապետության գիտական ներուժին:
Վարդան Ավետիսյանը հույս հայտնեց, որ կոնֆերանսը կբացահայտի հանրությանը հուզող մի շարք հարցերի պատասխաններ գտնելու ճշմարիտ ուղիները, կօգնի սպառնալիքներին դիմագրավելու անհրաժեշտ միջավայրի ձևավորմանը: Վարդան Ավետիսյանը վստահորեն նշեց նաև, որ գիտագործնական այս կոնֆերանսը օգտակար կլինի նաև բարձրացված հարցերի վերաբերյալ հասարակության տարբեր շերտերի տարակարծություններն ու ըմբռնումները համադրելու առումով:
Կոնֆերանսի ընթացքում ելույթներով հանդես եկան գիտության, մշակույթի, արվեստի մի շարք գործիչներ, ովքեր ընդգծեցին քայքայիչ պաշտամունքների գործունեությունը վերահսկելու, հոգեորսությամբ զբաղվող աղանդների ներկայացուցիչներին օրենքի շրջանակներում պատասխանատվության ենթարկելու և երիտասարդ սերնդին ընդօրինակման արժանի կերպարներով դաստիարակելու անհրաժեշտությունը:
Ամփոփելով կոնֆերանսի աշխատանքները` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին` պաշտպանական գերատեսչության կողմից քայքայիչ պաշտամունքների և փողոցային արատավոր բարքերի դեմ հայտարարված պայքարին միանալու, ինչպես նաև առօրյա կյանքում վերոնշյալ խնդիրների հանդեպ ցուցաբերած ակտիվ դիրքորոշման համար:
Սեյրան Օհանյանը հավաստիացրեց, որ կոնֆերանսի ընթացքում բարձրաձայնված նախաձեռնություններն ու կարծիքները անվերապահորեն իրենց արձագանքը կգտնեն թե պաշտպանության նախարարության, թե միջոցառման մասնակից գերատեսչությունների ու հասարակական կազմակերպությունների կողմից հետագայում իրականացվող աշխատանքներում:
Կոնֆերանսի արդյունքները կամփոփվեն ՀՀ պաշտպանության նախարարության տարեվերջյան կոլեգիայի նիստում:
ՀՀպաշտպանությաննախարարություն