Թուրքիայի պատմագիտական ընկերությունը պատրաստում է «Թուրքերը և հայերը պատմության մեջ» խորագրով 35 հատոր աշխատություն
Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի պատմագիտական ընկերությունը (TTK) ներկայացրել է հայերի վերաբերյալ իր վերջին աշխատության մի մասը: «Թուրքերը և հայերը պատմության մեջ» խորագրով աշխատության պատրաստմանը մասնակցել է 350 գիտնական:
TTK-ի ղեկավար Մեթին Հյուլագյուն մանրամասնել է, որ գիրքը «հայերի ու թուրքերի համերաշխության» մասին է. «Գրքում քննարկվում է հայերի ու թուրքերի միասնությունը: Հայ պատմաբանները, սակայն, չեն մասնակցել աշխատության պատրաստմանը:
Մենք համայն աշխարհին հայտարարել ենք այդ գրքի նախապատրաստման մասին և աշխատանքներ ընդունելու մեր պատրաստության մասին: Սակայն արտասահմանից մենք չենք ստացել որևէ մասնակցություն: Մեզ չհաջողվեց աշխատանքներում ներգրավել որևէ հայի»:
Հյուլագյուի խոսքերով՝ աշխատությունն ունի մի շարք բաժիններ. «Հայերը վաղ ժամանակներում ու միջնադարում», «Համատեղ կյանքի մշակույթը», «Սոցիալ-տնտեսական կանքը», «Հայերը գյուղական ու քաղաքային շրջաններում», «Բնակչությունն ու ներգաղթը», «Հայ բնակչությունն ու եկեղեցին», «Միսիոներական գործունեությունը», «Հայկական հարցի ծագումը և օտար երկրները»:
Ընդհանուր առմամբ, աշխատությունը բաղկացած է լինելու 35 հատորից: Առաջիկա հոկտեմբերին կհրատարակվի ևս 10 հատոր, իսկ երրորդ 10 հատորանոց մասը կհրատարակվի մինչև 2015 թվականի ապրիլը (Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը):
Բացի այդ, պլանավորված է 35 հատորում տեղ գտած հոդվածներից անգլերենով պատրաստել 6-7 հատոր: Չի բացառվում, որ դրանք հետագայում կարող են թարգմանվել նաև ֆրանսերեն, գերմաներեն ու ռուսերեն: Գրքերն ուղարկվելու են արտասահման: