Պաշտպանն առաջարկում է 500 000 դրամ գրավով փոխել Տիգրան Ասատրյանի խափանման միջոցը

Տիգրան Ասատրյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը դատարանին միջնորդել է Տ. Ասատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխել գրավով: 168.am-ի հետ զրույցում փաստաբանն ասաց, որ խափանման միջոցը 500 000 դրամ գրավով փոխելու մասին միջնորդությունը ներկայացրել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, և դեռևս չգիտի՝ որ դատավորին է մակագրվել միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Տ. Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործության (Մովսես Ներսիսիայնի սպանության) մասին իմանալու և չհայտնելու, ինչպես նաև ապօրինի կերպով հրազեն հանդիսացող ատրճանակ և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար:

Հիշեցնենք նաև, որ 2014թ. հունվարի լույս 27-ի գիշերը անհայտ անձը Սարյան և Արամի փողոցների շենքների բակում ատրճանակից կրակոցներ է արձակել քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի ուղղությամբ, ով մահացել է: Հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում էր ոստիկանությունը, օրեր առաջ գործը տեղափոխվել է ԱԱԾ:

Վ. Էլբակյանն այսօր մեզ հետ զրույցում ասաց, որ անգամ այս պահին պաշտոնապես տեղեկացված չէ՝ քրեական գործն Ազգային անվտանգության ծառայություն տեղափոխելու մասին:

Տեսանյութեր

Լրահոս