ՌԴ-ն Ադրբեջանին կառաջարկի ընտրել ԼՂ-ի անկախության ու Մաքսային միությանն անդամակցելու միջև. Գուլուզադե
Bizimyol.info-ին տված հարցազրույցի ժամանակ ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն Ռուսաստանին մեղադրել է կայսերական քաղաքականություն վարելու մեջ.
«Ռուսաստանն ավտորիտար կայսրություն է: Պուտինը միայն կոչվում է նախագահ, իրականում նա ցար է: Ռուսաստանում ամեն ինչ որոշում է հենց նա: Ռուսաստանը մինչև իր փլուզումը շարունակում է սպառնալիք մնալ իր հարևանների համար: Ռուսաստանին սպասվում է նույն ավարտը, ինչը տեղի ունեցավ Խորհրդային Միության դեպքում:
Ռուս ժողովրդի համար հիմնական սպառնալիքը կայսերական ռեակցիոն համակարգն է, բռնապետությունը: Ուկրաինայի աղետի մեղավորը Ռուսաստանն է, հենց նա Ուկրաինային թույլ չի տվել ստեղծել սեփական բանակ, իսկ գործող ուկրաինական բանակում ծառայել են ռուսներն ու ռուսամետները»:
Axar.az-ին էլ տված հարցազրույցի ժամանակ Գուլուզադեն հայտարարել է, որ ղրիմյան դեպքերից հետո անկարելի է հավատալ Պուտինի գեթ մեկ խոսքի. «Ռուսաստանը մտադիր է ամեն գնով զավթել Ուկրաինայի արևելքը, ինչից հետո նա ստիպված կլինի խզել բոլոր կապերն Արևմուտքի հետ:
Պուտինը, ով խորապես վիրավորված ու վնասված է Արևմուտքից, պատրաստ է մեկուսացմանը, նա պատրաստ է Ռուսաստանը վերածել աշխարհի ամենամեծ արջի անկյան: Ռուսաստանը շատ խիստ առաջարկ կանի Ադրբեջանին. կա՛մ Ղարաբաղի անկախությունը, կա՛մ էլ Ադրբեջանի կողմից Մաքսային միությանն անդամակցելը: Շուտով մեզ համար կսկսվեն բարդ ժամանակներ»: