Կառավարությունը կանխում է քառյակի գործունեությունը

Քիչ առաջ կառավարությունում ավարտվել է խորհրդարանական հինգ խմբակցությունների ներկայացուցիչների և վարչապետ Հովիկ Աբրահմյանի հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հնարավորությունը:

ՀՀԿ-ից հանդիպմանը մասնակցել են Վարդան Այվազյանը, Հակոբ Հակոբյանը և Խոսրով Հարությունյանը, ԲՀԿ-ից՝ Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանը, ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը և Արմեն Ռուստամյանը, ՕԵԿ-ից Հովհաննես Մարգարյանը և «Ժառանգությունից»՝ Ռուբիկ Հակոբյանը: ՀԱԿ-ը չի մասնակցել այս հանդիպմանը, պատճառաբանելով որ իշխանությունները պետք է օրենքը համապատասխանեցնեն ՍԴ որոշմանը և այդ իմաստով որևէ քննարկելու հարց չկա:

Հովիկ Աբրահամյանը խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ կառավարությունը խորհրդարանի առաջիկա նիստում ներկայացնելու է փոփոխությունների նախագիծ և ցանկանում է լսել խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների առաջարկները, որպեսզի դրանք ևս ներկայացված լինեն փոփոխություններում:

ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգության» ներկայացուցիչներն առաջարկել են, որպեսզի օրենքից հանվի պարտադիր բաղադրիչը և կառավարությանը պետական երաշխիքներ տրամադրի կուտակային ֆոնդերում հավաքված գումարների համար:

Կարդացեք նաև

Կուսակցությունների ներկայացուցիչները հայտարարում են, որ օրենքի փոփոխությունների նկատմամբ իրենց վերաբերմունքը կարտահայտեն միայն այն ժամանակ, երբ փոփոխությունների փաթեթը պատրաստ կլինի:

Ինչպես հայտնի է, անցած շաբաթ քառյակի ներկայացուցիչները որոշում էին կայացրել 44 ստորագրություն հավաքել և ԱԺ արտահերթ նիստ հրավիրել, որի ընթացքում պետք է ներկայացնեին «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի իրենց նախագիծը:

Ըստ էության, կառավարությունը առաջ է ընկնում կուսակցություններից և ինքն է նախաձեռնում փոփոխություններ՝ առաջարկելով, որ քառյակի կամ եռյակի անդամները ներկայացնեն իրենց առաջարկները: Քառյակի ներկայացուցիչներն ասում են, որ ըստ ամենայնի արտահերթ նիստ գումարելու անհրաժեշտությունը կվերանա, եթե կառավարության առաջարկած փոփոխությունները իրենց բավարարեն:

Տեսանյութեր

Լրահոս