Հայաստանը չի դառնա ՄՄ անդամ. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. «Հայաստանի ներկայացուցիչները վերջին շրջանում Մոսկվայում Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) ձևավորման շրջանակներում տեղի ունեցող տարատեսակ հանդիպումների ընթացքում պատրաստակմություն են հայտնել 2015թ. հունվարի 1-ից դառնալ եվրասիական տնտեսական միության անդամ՝ ընթացիկ տարվա մեջ Մաքսային միության անդամ դառնալու փոխարեն։

Հայաստանի այս ցանկությունը ՄՄ անդամ երկրների ներկայացուցիչները ի գիտություն են ընդունել և այս ամսվա վերջին Մինսկում սպասվող Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Հայաստանի նախագահները կքննարկեն նաև այս հարցը։

Այս մասին երեկ մեր զրույցում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիոն բաժնի պետ Վիկտոր Սպասկին. ով ակտիվորեն ներգրավված է այս ուղղությամբ տարվող աշխատանքներում և որոշակիորեն համակարգում է դրանք։ Ռուս փորձագետը տեղեկացրեց, որ Հայաստանի վերը նշված ցանկությանը իրականություն դարձնելու մեջ չկա ոչ մի խոչընդոտ և այն կարող է իրագործվել կողմերի համաձայնությունը ստանալուց հետո։

Հիշեցնենք, սակայն, որ Սերժ Սարգսյանը անցյալ տարվա սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հայտարարեց, որ «Հայաստանի Հանրապետությունը որոշում է կայացրել մտնել մաքսային միություն, ինչպես նաև այդ նպատակով անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, իսկ հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը»։ Ստացվում է, որ Սերժ Սարգսյանի այս հայտնի հայտարարության մեջ որոշակի փոփոխություններ է տեղի ունեցել, ինչի մասին դեռևս հստակ պաշտոնապես չի հայտարարվում։

Էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մի նասյանը միայն անցյալ շաբաթ լրագրողների հետ հանդիպմանը կցկտուր հայտնեց, որ «հնարավոր Է Հայաստանը առաջիկայում ոչ թե ՄՄ-ին միանալու մասին համաձայնագիրը ստորագրի, այլ միանգամից ԵՏՄ-ին միանալու համաձայնագիրը»։

Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին փաստաթուղթը ՄՄ անդամ երեք երկրների նախագահները ծրագրել են ստորագրել այս տարվա մայիսի վերջին, որից հետո այն մոտ վեց ամիս պետք է վավերացման փուլ անցնի և նոր միայն 2015 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միությունը կսկսի գործել։

Ի՞նչ մեխանիզմով կկարողանա ՀՀ-ն առանց ՄՄ մտնելու միանգամից միանալ ԵՏՄ-ին՝ հարցին պարոն Սպասկին պատասխանեց. «Նախագահները անցյալ տարի հաստատեցին Հայաստանի ՄՄ մտնելու «ճանապարհային քարտեզը», որի շրջանակներում կատարվել է բավական հաջող աշխատանք։ Ամսի 29-ին նախագահները կնայեն, թե ինչքան է այդ քարտեզը իրագործվել։ Եթե Հայաստանի պատրաստվածաթյան մակարդակը բարձր լինի, ապա անհրաժեշտություն կլինի արդեն խոսել հաջորդ քայլի մասին։

Հաջորդ քայլը պետք Է լինի ՄՄ մտնելու մասին համաձայնագիրը ստորագրելը, իսկ եթե հայկական կողմը ցանկանում է միանգամից միանալ ԵՏՄ-ին, ապա այդ հարցում ևս խնդիր չի լինի։ ՄՄ-ն բազմաթիվ փաստաթղթերի փաթեթ է ավելի քան 100 նորմատիվ իրավական գործողություններով, որոնք ապահովում են ապրանքի տեղափոխման համար անհրաժեշտ դրույթներ։ Միանալով ԵՏՄ-ին՝ Հայաստանը ձեռք կբերի ևս երեք ազատություններ աշխատուժի տեղափոխում, ներդրումներ և ծառայություններ։

Այսինքն՝ Եվրասիական տնտեսական միությունը իր մեջ ներառում է և Մաքսային միությունը, և՛ միասնական տնտեսական տարածքը։ Այսօր մենք ունենք միայն ՄՄ-ն և Միասնական տնտեսական տարածքը, իսկ հունվարի մեկից կսկսի գործել տնտեսական ինտեգրման ավելի բարձր մակարդակը՝ այն Է ԵՏՀ-ն։ Հայաստանը կարող Է միանգամից միանալ այդ կառույցին»։

Մաքսային միությանը միանալու պարագայում Հայաստանը ՄՄ անդամ երկրների հետ հայտնվելու էր առևտրային միասնական տարածքում, իսկ նոր ձևավորվող ԵՏՄ-ն խորը ինտեգրում է ենթադրում իր մեջ ներառելով ոչ միայն առևտրի միասնական կանոններ, այլ նաև դրամավարկային, հարկային և այլ ոլորտներում միասնական քաղաքականության իրականացում։

«Այս դեպքում ինչո՞ւ գնալ քայլ առ քայլ, այսինքն՝ նախ միանալ ՄՄ-ին, հետո նոր ԵՏՄ-ին, եթե կարելի է միանգամից միանալ Եվրասիական միության պայմանագրին։ Միանգամից միանալով Եվրասիական տարածքին՝ 2015 թվականի հունվարի 1-ից հայկական կողմը ակտիվ կաշխատի միասնական տնտեսական կոդեքսի համաձայն։ Այսինքն այն, ինչ գրված կլինի այդ միության պայմանագրում, ամբողջականորեն կտարածվի նաև հայկական կողմի վրա։ Դա կնշանակի, որ հայկական կողմը ձեռք կբերի որոշակի իրավունքներ և պարտականություններ այն բոլոր կետերով, որ այդ պայմանագրում գրված կլինի»,– հայտնեց Սպասկին և հարցին, թե կարո՞ղ է հայկական կողմը ՄՄ անդամ չլինելով, մայիսի վերջին ՄՄ անդամ մյուս երկրների հետ միասին ստորագրի ԵՏՄ-ի ձևավորման փաստաթուղթը, պատասխանեց, որ տեսականորեն դա հնարավոր Է։

«Այս բոլոր հարցերը կքննարկվեն ամսի 29-ի հանդիպման ընթացքում։ Հայկական կողմը ասում է՝ մենք այն աստիճանի ենք ներգրավված այս աշխատանքներում, որ ուզում ենք ավելի ակտիվ լինել։ Ոչ մի խնդիր չկա նրանում, որ հայկական կողմը հունվարի 1-ից դառնա ոչ թե ՄՄ, այլ ԵՏՄ անդամ»,– մեր զրույցում ասաց Սպասկին»։

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս