Հովիկ Աբրահամյանի չինական անեծքը. «ՀԺ»

«Ժամանակը» իր այսօրվա խմբագրականում գրում է. «Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու ՀԱԿ-ի հայտարարությանն ի պատասխան՝ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բավական կոշտ հայտարարեց, որ չփորձեն իրեն ներքաշել նենգ գործերի մեջ, իսկ Լևոն Տեր– Պետրոսյանին էլ խորհուրդ տվեց առավել արժանապատիվ ծերություն անցկացնել և չփորձել ծանրացնել երկրի վիճակը։

Ընդ որում՝ Հովիկ Աբրահամյանը շատ ուշագրավ հայտարարություն էր արել՝ «չարությունն ու նենգությունը չափ ու սահման պետք է ունենան»։ Հետաքրքիր արտահայտություն է, եթե նկատի ունենանք հայկական մամուլի այն բազմաթիվ տեղեկությունները, որ Հովիկ Աբրահամյանը ներգրավված է եղել այս կամ այն ներիշխանական դավադրության մեջ։

Այդ կոնտեքստում Աբրահամյանը կարծես թե ասում է, որ ինքը իր չափը գիտի, և ինչքան որ ներգրավված է եղել, արդեն բավ է՝ հիմա չի ուզում զբաղվել արքայադավությամբ։
Գուցե թե պատճառներից մեկն էլ այն է, որ Հովիկ Աբրահամյանին քաշել են դավերի մեջ, իսկ հետո մենակ թողել, և նա այս անգամ չի ուզում ոտք դնել նույն պատանքի վրա։

Միևնույն ժամանակ, սակայն, Հովիկ Աբրահամյանը կարծես թե հենց ինքն է Սերժ Սարգսյանին դեմ գնում։ Նրա կառավարությունն օրինագիծ է մշակելու, որպեսզի կասեցվեն պարտադիր կուտակայինը չվճարելու համար տուգանքները։ Մինչդեռ Հովիկ Աբրահամյանին նշանակելով վարչապետ՝ Սերժ Սարգսյանն ասել էր, որ նա պետք է շարունակի կուտակային բարեփոխումները։ Ըստ էության ստացվում է, որ Աբրահամյանը գոնե այս պահին անում է քայլեր, որոնք կասեցմանն են միտված և ոչ թե շարունակմանը։

Այսինքն՝ ըստ էության արվում է Սերժ Սարգսյանի հորդորների հակառակը։ Աբրահամյանը նաև գնացել էր նախագահականի դիմաց ակցիա անցկացնող քաղաքացիներին ընդառաջ և «Դեմ եմ» շարժմանը փորձում էր համոզել, որ փողոցային պայքարը թողնեն ու շենքերում քննարկեն խնդիրները։

Սակայն մյուս կողմից՝ Հովիկ Աբրահամյանի նման քայլը կարող է դիտվել նաև որպես Սերժ Սարգսյանի հանդեպ անձնազոհության դրսևորում։ Նա կարող էր անտարբեր լինել, ի վերջո՝ ակցիան կառավարության շենքի դիմաց չէր, այլնախագահականի։ Բայց Հովիկ Աբրահամյանը գալիս է և նախագահի նստավայրին ուղղված հարվածը վերցնում իր վրա։ Ինչո՞վ անձնազոհություն չէ։

Աբրահամյանի վիճակն իսկասպես աննախանձելի է։ Մի կողմից՝ նրա երազանքները իրականություն են դառնում, իսկ մյուս կողմից՝ այս ամենն ըստ էության ինչ-որ առումով չինական անեծքի է նմանվում՝ «թող քո երազանքները իրականություն» դառնան։ Ի դեպ, Աժ նախագահ եղած ժամանակ Չինաստանը Հովիկ Աբրահամյանի էկզոտիկ այցելությունների նախընտրած վայրերից մեկն էր»։

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս