«Իսպանիայի ուժը հենց ժողովրդի միասնության մեջ է»

Ասում է իսպանահայ նկարիչ Համլետ Սարգսյանը

Հայազգի նկարիչ Համլետ Սարգսյանն արդեն 15 տարի ապրում ևս տեղծագործում է Իսպանիայում: Նրանկարներն ինքնատիպ են, տարբերվող. նկարում է 180 աստիճան պտտվող նկարներ: Նկարիչն այս օրերին Հայաստանում է, և մեզ հաջողվեց զրուցել նրա հետ:

Հայաստանից գնալու պատճառը ո՞րն էր:

– Լավ է, որ նկարիչը փոխի իր տարածքը, տեսնի նոր գույներ, դա օգնում է ավելի լավ ստեղծագործել: Հայաստանից գնալու հիմնական պատճառը դա էր: Հիմա շատ եմ ցանկանում լինել, օրինակ` Չինաստանում, Աֆրիկայում, տեսնել այնտեղի գույները, զգալ այնտեղի օդը: Իսպանիան ինձ շատ բան է տվել, հենց այնտեղ 2002թ. տեսա Դալիի մի կտավ, որն ինձ հուշեց, որ գոյություն ունի այսպիսի արվեստ, որտեղ ավելի շատ խաղ ու ասելիք կա: Շատ եմ ուզում, որ մեր նկարիչները մի քանի տարի ապրեն ուրիշ երկրներում, մանավանդ` Եվրոպայում: Ես հավատում եմ, որ Եվրոպական մշակույթն ավելի շատ Կովկասից է տարածվել, այսինքն` ինչ տվել ենք, գնանք հետ բերենք:

Կարդացեք նաև

Նկարչության հանդեպ սերը ո՞ր տարիքից առաջացավ:

– 6 տարեկան էի, երբ սիրահարվեցի իմ նկարչության ուսուցչուհուն` ընկեր Գոհարիկին: Ձգտում էի միշտ լավ նկարել, որ լինեմ իր ուշադրության կենտրոնում: Դպրոցում նկարչություն էր դասավանդում մի ուսուցիչ, ով նաև մանկական գաղութում էր նկարչություն սովորեցնում երեխաներին: Նա երբեմն մոռանում էր, որ միջնակարգ դպրոցում է, ու ծեծում էր երեխաներին: Ինձ երբեք չի խփել: Ես շատ բարձրահասակ էի, ու նկարչության ժամերին ինձ առջևի նստարանին էին նստեցնում: Մի օր այդ ուսուցիչը մեզ մի բան ասաց, որը շատ մեծ ազդեցություն ունեցավ ինձ վրա, նա ասաց. «Եթե նկարչություն լավ իմանաք, ապա դուք կլինեք աշխարհի ամենաուժեղ մարդը», ու բացատրեց, որ այն ամենը, ինչ ստեղծում է մարդը, հիմքում նկարչությունն է: Այդպես սկսեցի նկարել:

Ի՞նչ կրթություն ունեք:

– 15 տարեկանում ուզում էի ընդունվել Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան, նկարել էի մեր հայազգի նկարիչներից մի քանիսի գործերը, ևերբ պրոֆեսիոնալ մի նկարիչ տեսավ այդ նկարները, ասաց. «Այս երեխան ոնց որ պոետ լինի, բայց տառերը չիմանա՞, եկեք սկզբից տառերը սովորեցնենք»: Ես գնացի հենց այդ նկարչի մոտ, ով դասախոսում էր Թերլեմեզյանում, և ծանոթացա նկարչության այբուբենին: Հաջորդ տարի ընդունվեցի ուսումնարանի փայտի գեղարվեստական բաժինը: Այդ բաժնի ընտրությունը պայմանավորված էր ֆինանսական սղությամբ: Հայրս բանվոր էր, եթե գեղանկարչության բաժին ընդունվեի` նկարչական պարագաներ չէինք կարողանա գնել, դրա համար դասախոսիս խորհրդով՝ ընդունվեցի հենց փայտի բաժին: Հետագա տարիներին հիմնականում զբաղվել եմ ինքնակրթությամբ: Ինձ թվում է, որ եթե ես շատ բան իմանայի, լավ սովորեի, ապա այդ ինֆորմացիան ինձ կխանգարեր ստեղծագործել: Իմ չիմացությունն է ինձ հասցրել այս մակարդակին:

Hamlet Sargsyan (4)

Hamlet Sargsyan (3)

Ինչպե՞ս սկսեցիք նկարել 180 աստիճան պտտվող նկարներ:

– 2002թ. Դալիի նկարից ոգեշնչվեցի, բայց քանի որ չեմ սիրում նմանվել, ուզեցի պտտել նկարը: Իմ կեղծանունն էլ որոշեցի Girar 180° դնել, իսկ Girar նշանակում է՝ պտտել: Առաջին գործս 90 աստիճան թեքության նկար է եղել, սակայն մեկ ամիս հետո տեսա, որ ԱՄՆ-ում մի մարդ նույն բանն է անում, չնայած` իմ կտավում խաչված մարդ էր, իսկ իր մոտ միայն մարդու գլուխ էր, և տարբերվելու համար որոշեցի 180 աստիճան թեքության նկարներ անել: Այդ թեքության առաջին կտավս եղել է այծի դեմք, որը թեքությամբ դառնում է այրվող կին: Այդ ժամանակ, չգիտես ինչու, բարկացած էի կանանց վրա, և ծնվեց այդ նկարը:

Արվեստի տեսանկյունիցի՞նչ կա Իսպանիայում, որը մեզ պակասում է:

– Մեզ ոչինչ չի պակասում, մենք, թերևս, ավելի ուժեղ ենք, ուղղակի պետք է հարաբերվենք տարբեր երկրների մշակույթների հետ: Տարբեր ազգերի հետ շփումն ավելի է հարստացնում, կարելի է ամեն մեկից մի բան քաղել, բայց մերը պահել: Իսպանացիները հենց այդպես են անում: Հնարավոր է նաև, որ ուրիշ երկրի եղանակի, օդի փոփոխության հետ կապված՝ քեզ մոտ զարգանա մի թաքնված օղակ, որը քո երկրում չես նկատել, բայց Հայաստանում արվեստը շատ ավելի զարգացած է և ազատ:

Ո՞վ կամ ի՞նչը կարող է դառնալ Ձեր ոգեշնչման աղբյուրը:

– Հիմնականում՝ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Օրինակ` մի անգամ ավտոբուսի մեջ էի, պատահական տեսա մի աղջկա, որը մեքենան վարելիս ձեռքերը բարձրացրեց և գլխարկն ուղղեց: Իր կյանքի համար այնքան վախեցա, որ երբ հասա տուն` նկարեցի գլխարկ, ծաղիկներ, վերևում` եկեղեցի. նկարը երբ պտտում ես` ստացվում է այդ աղջիկը: Հնարավոր է՝ երազ տեսնեմ, արթնանամ, ու դառնա նկար: Կարող է՝ նաև տրամադրության փոփոխությունից ծնվի նկար: Արվեստագետը կարող է ոգեշնչվել նույնիսկ շատ փոքր բաներից, դա շատ հարաբերական է:

Hamlet Sargsyan (7)

Hamlet Sargsyan (2)

Ո՞ր նկարիչների գործերն են Ձեզ վրա խոր ազդեցություն ունեցել:

– Հայազգի նկարիչներից` Մինաս Ավետիսյանը, ով ինձ թևեր է տալիս: Ես սիրում եմ, երբ արվեստը քիչ խոսքով, քիչ խաղերով՝շատ բան է ասում: Օտարազգի նկարիչներից` Մոդիլիանին և Վան Գոգն են մեծ ազդեցություն թողնում ինձ վրա: Դալին ինձ ուղղակի գաղափար տվեց, որ կարող եմ նկարը պտտել, բայց ես ապրում եմ Մոդիլիանիի և Վան Գոգի կտավներով:

Ձեր նկարները որտե՞ղ են ցուցադրվել կամ ցուցադրվում:

Hamlet Sargsyan (6)– 2006-ից մինչև 2012թ. ունեցել եմ չորս անհատական ցուցահանդես, որոնց վրա գումար չեմ ծախսել, դրա համար միշտ ասում եմ, որ շնորհակալ եմ իրենց հողին: Ընդամենը գրանցվում եմ, և հատկացնում են ամենալավ տեղը ցուցահանդեսի համար: Ես հիմնականում ապրում եմ Ասպեիտիա քաղաքում, այս տարի պետք է ունենամ անհատական ցուցահանդես նաև Սան Սեբաստիան քաղաքում: Բասկերն ինձ շատ են աջակցում: Հայերին սիրում են Եվրոպայում: Բացի ցուցահանդեսներից, մասնակցել եմ նաև մրցույթների: Որևէ տեղ չեմ գրավել, պարզապես ուզում էի ցույց տալ, որ կա պտտվող կտավ: Ինձ մոտ ամեն ինչ նոր է սկսվում, Իսպանիայում ինձ քչերն են ճանաչում, միայն բասկերն ինձ գիտեն, բայց ես ուզում եմ, որ Իսպանիայի 43 միլիոն բնակչությունը ծանոթանա իմ նկարներին ու աջակցի ինձ: Ես ներկայանում եմ՝ որպես հայազգի նկարիչ, բայց ներկայացնում եմ իրենց երկիրը:

Հիմա Եղեռնի 100-ամյակին նվիրված նկարներ եմ անում, մեջս բողոք կա, և ուզում եմ՝ դրանք ցուցադրվեն Իսպանիայում, իսկ դրա համար ինձ իրենց աջակցությունն է հարկավոր: Այստեղ բոլորը գիտեն, հիշում են Ցեղասպանության մասին, իսկ իմ նպատակն է՝ դրսի ժողովրդին հիշեցնել այդ մասին, դրա համար ուզում եմ Իսպանիայում կազմակերպել ցուցադրություն: Ունեմ հետաքրքրություն առաջացրած մի կտավ, որը շատերն են ուզում տեսնել Իսպանիայում: Երկու մետրանոց կտավ է, պատկերել եմ ժամացույց, որը ժամանակն է, գրքեր, որը պատմությունն է, կա հղի կին, տղամարդ, նրանք անկողնում են: Նրանց գլխավերևում` հայելու միջից, երևում է ընկած բաժակ, որը մեկուկես միլիոնն է: Երբ տղամարդն ուզում է բռնել կուժը, դա մի քիչ ինձ եմ պատկերել, ես եմ, որ ուզում եմ՝ հաստատվի ցեղասպանությունը:

Ի՞նչ դժվարությունների միջով եք անցել Իսպանիայում:

– Առհասարակ իմ կյանքը միշտ է դժվար եղել: 42 տարեկան եմ ու չեմ հիշում դեպք, երբ ինձ մի բան հեշտ տրված լինի: Թվում է, թե Եվրոպայում եմ ու պետք է լավ ապրեմ, բայց դա ամենևին էլ այդպես չէ: Այժմ այնտեղ էլ է սկսվել ճգնաժամ, ու ամեն ինչ ավելի է դժվարացել: Իսպանիայում առաջին դժվարությունը լեզուն էր: Մենք հեռու ենք եղել Իսպանիայից, ծանոթ չենք լեզվին, իսկ երբ տվյալ երկրի լեզուն չգիտես, զգում ես, որ կիսատ ես, չես կարողանում շփվել: Ես քրոջս մոտ էի գնացել ու 3 ամիս իր հետ ապրելուց հետո` տեղափոխվեցի, առանձին ապրեցի, որ լեզուն ավելի շուտ սովորեմ: Մեծ դժվարությամբ հարմարվեցի իրենց բարքերին:

Hamlet Sargsyan (1)

Այստեղ ուրիշ կերպ էի կրթվել, ուրիշ ձևով էի ընկալում կյանքը, իսկ այնտեղ լրիվ ուրիշ է: Կարոտն էր շատ խանգարում, ամեն տեղ փորձում էի գտնել մերը, բայց չկար: Հինգտարի աշխատեցի երկաթի գործարանում, որտեղ շտկում էի տանկի, նավի մասերի ավելորդ հատվածները: Դա շատ վնասեց առողջությանս, որովհետև տարվա մեջ մի քանի անգամ երկաթի մանր բեկորներ էին հանվում աչքերիցս` բժշկական միջամտությամբ: Հիմա անհատ ձեռներեց եմ այնտեղ, ունեմ միջին բիզնես, հենց այդ պատճառով չեմ վաճառում նկարներս, բայց ճգնաժամը դժվարացնում է բիզնեսիս աճը: Այդ գործս քիչ ժամանակ է խլում, դրա համար կարողանում եմ ստեղծագործել:

Հայաստանը հեռվից ինչպե՞ս է երևում: Ի՞նչ խնդիրներ եք տեսնում:

– Նախ՝ ուզում եմ, որ ժողովուրդս առաջին հերթին՝ մշակի օրենք ընդունելու ձև, ոչ թե մի հոգի որոշի օրենքը, հետո դնեն քվեարկության ու չիմանան, թե ովքեր են քվեարկում: Եթե օրենք ընտրելու ձև լինի, օրենքն ընդունեն ու ծառայեն դրան, մնացածը կդառնա երկրորդական: Ուժը ժողովրդի մեջ է, ոչ թե իշխանությունների: Երբ մարդիկ խաբում են, նախանձում, իրար չեն օգնում, ու ամեն մեկը միայն իր մասին է մտածում, ապա իշխանություններն էլ իրենց հերթին՝ ժողովրդի հետ են նույն կերպ վարվում: Պարզապեսմեր ժողովուրդը սիրում է մեղադրել բոլորին, բացի ինքն իրենից: Իսպանիայի ուժը հենց ժողովրդի միասնության մեջ է:

Հայաստանում ավելի շատ շեֆեր կան, քան բանվորներ: Իսկ երկրին արտադրանք տվողը հենց բանվորներն են: Ես անհատ ձեռներեց եմ, ունեմ բանվոր, նրա աշխատավարձն առանձին եմ վճարում, բժշկական ապահովագրությունն՝ առանձին, իսկ այստեղ բանվորն իր աշխատավարձից է վճարում ամեն ինչի համար: Մեր ազգի համար ամենասարսափելի բանն է կաշառքը: Եթե մարդը հիմար է, ինչպե՞ս կարելի է փողով պաշտոն տալ: Պաշտոնը տվեք խելացի մեկին, իսկ այդ հիմարը թող ծախսի ծնողի ստեղծած փողերը: Կյանքում հաղթում է «չափի մեջ»-ը. եթե մի քիչ շեղվում ես՝դա արդեն փչացնում է ամեն ինչ:

Մարդիկ կան, որ կարող է անընդհատ քեզ ասեն՝ չի կարելի, բայց քեզ վրա չազդի, բայց որևէ փոքր մարդ, որ քեզ հետ ընդհանրապես կապ չուներ, ասի նույնը, ու դու սթափվես: Աստված տա, որ իմ ասածը իմ ժողովրդի վրա ազդի, ու հասկանան, որ ամեն ինչ իրենց ձեռքերում է, որ ինքնամաքրումից է սկսվում ամեն ինչ: Միայն այդ դեպքում կարող են հասնել իրեն երազած պետությանը:

 

Տեսանյութեր

Լրահոս