
Արևմուտքը չպետք է միասեռականության գաղափարը փաթաթի մնացյալ աշխարհի վզին. Զիմբաբվեի նախագահ

Global Post-ի փոխանցմամբ` Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն քննադատել է միասեռ ամուսնություններն օրինականացրած եվրոպական երկրներին: Աֆրիկյան երկրի առաջնորդը կարծում է, որ Արևմուտքը չպետք է միասեռականության գաղափարը փաթաթի մնացյալ աշխարհի վզին:
Երկրի անկախության 34-ամյակի կապակցությամբ ելույթ ունենալով մայրաքաղաք Հառառեի մարզադաշտում` 90-ամյա Մուգաբեն հայտարարել է բնականը դարձել է անբնական, իսկ այն, ինչն անբնական է, նրանք ցանկանում են հայտարարել բնական.
«Եվրոպական երկրները ձգտում են իրենց անմարդկային սովորույթները տարածել նաև աֆրիկյան մայրցամաքի վրա: Եվրոպան հայտարարում է. «Եթե դուք օրենք ընդունեք միասեռ ամուսնությունների արգելման մասին, ապա մենք կպատժենք ձեզ», ինչպես որ նրանք արել են մեզ ու Ուգանդայի հետ»:
Մուգաբեն խոստացել է երկրից արտաքսել յուրաքանչյուր դիվանագետի, ով իր ձայնը կբարձրացնի` ի պաշտպանության միասեռականների: Ընդգծվում է, որ մեկ այլ դեպքում էլ Մուգաբեն հայտարարել էր, որ արվամոլներն ու լեսբուհիները ավելի վատն են, քան` շներն ու խոզերը: