Արթուր Բաղդասարյանը կարող է ղեկավարել «Հրաշալի քառյակը»

«Օրինաց Երկիր» կուսակցությունն իր գոյության ընթացքում երկու-երեք անգամ արել է քայլեր, որոնք քաղաքական կյանքի վրա որոշիչ ազդեցություն են ունեցել: Առաջին նման քայլը կարելի է համարել 2006 թվականին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հրաժարականը ԱԺ նախագահի պաշտոնից՝ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից դավաճան որակվելուց հետո: Երկրորդը՝ 2008 թվականի նախագահի ընտրություններում մասնակցությունը՝ որպես ընդդիմադիր թեկնածու, ապա փետրվարի 29-ին կոալիցիոն համաձայնագրի ստորագրումն իշխանության հետ, ինչն ապահովեց մարտի 1-ի «քաղաքական ֆոնը»: Եվ վերջինը՝ անցած շաբաթ կոալիցիան լքելու և ընդդիմություն դառնալու մասին ՕԵԿ-ի հայտարարությունը:

Որևէ մեկը, բնականաբար, լուրջ չի ընդունում ՕԵԿ-ի ու Արթուր Բաղդասարյանի ընդդիմադիր դառնալը, և գրեթե բոլորը համոզված են, որ նրան ընդդիմության գիրկն է գործուղել Սերժ Սարգսյանը՝ ապագա քաղաքական զարգացումներում հերթական պրոյեկտի մաս դարձնելու համար:

Այն, որ Արթուր Բաղդասարյանը չէր կարող առանց վերադասի նման քայլ անել, գրեթե որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում: Բայց առավել տարածված կարծիքն այն է, որ նրան այս կամ այն քայլին կարող է դրդել միայն ու բացառապես Սերժ Սարգսյանը:
Բայց այդպե՞ս է արդյոք դա իրականում: Արդյոք պե՞տք է ամբողջությամբ բացառել այն վարկածը, որ ՕԵԿ-ի ու Բաղդասարյանի հերթական «գործուղման թերթիկի» տակ կարող է լինել այլ ստորագրություն, քան Սերժ Սարգսյանինը:
Դատելով նրանից՝ ինչով էր ի պաշտոնե, և ոչ միայն՝ ի պաշտոնե զբաղվում Արթուր Բաղդասարյանը վերջին 6 տարիներին, ոչ:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Արթուր Բաղդասարյանը կարողացավ ինտեգրվել ոչ միայն հայաստանյան խոշոր բիզնեսին, այլ նաև ռուսական քաղաքական շրջանակներին: Առնվազն՝ դրա մի սեգմենտին: Հայտնի է, որ Բաղդասարյանը ոչ միայն՝ պաշտոնական, այլև անձնական-ընկերական հարաբերություններ ունի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ: Բայց լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ նրանց միավորում են ոչ միայն ընդհանուր նախասիրությունները՝ ձկնորսության կամ գարեջրի հանդեպ սերը, այլ նաև բիզնես շահը:

Ըստ նաև մամուլում հրապարակված ու չհերքված տեղեկությունների՝ Բաղդասարյանն ու Բորդյուժան ներգրավված են մի շարք խոշոր համատեղ բիզնեսներում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Հայաստանից դուրս: Իսկ Բորդյուժան համարվում է Ռուսաստանի քաղաքական վերնախավի ազդեցիկ ներկայացուցիչներից, Վլադիմիր Պուտինի հետ նաև անձնական շփումների տիրույթում հարաբերվող գործիչներից մեկը:

Հաշվի առնելով ռուսական քաղաքական հիերարխիան, որոշումների կայացման ոչ ֆորմալ ընթացակարգերը և այդ երկրի կրկին ոչ ֆորմալ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, կարելի՞ է բացառել, որ Բաղդասարյանն ընդդիմություն է վերադարձել Բորդյուժայի հորդորով, խնդրանքով կամ ցուցումով: Բնականաբար, ոչ:

Իսկ դա նշանակում է, որ «ռուս» արմատով սկսվող կամ ավարտվող ցանկացած սուբստանցիայի անվամբ երդվող մեր մնացած ընդդիմադիրները կամ ոչ իշխանականները, ովքեր դեռևս հեգնանքով են խոսում Արթուր Բաղդասարյանի մասին, կարճ ժամանակ անց կարող են նրան համեմատել Նազարբաևի կամ Լուկաշենկոյի հետ՝ «Ինչո՞վ է պակաս Արթուրը Նուրսուլթանից կամ Բատկայից» լեյտմոտիվով: Որովհետև Բաղդասարյանն իր ռուսական «դոստուպով» կարծես ավելի մեծ հնավորություններ ունի, քան հրաշալի քառյակի մյուս անդամները՝ առանձին-առանձին: ԲՀԿ-ի ռուսական «կապն» ապահովվում է Ռոբերտ Քոչարյանի միջոցով, որն իր հերթին՝ Պուտինի հետ հարաբերվում է ինչ-որ միջնորդների օգնությամբ, Լևոն Տեր-Պետրոսյանի «կապավորը» Սմբատ Կարախանյանն է, որի մուտքը Կրեմլ, ըստ տեղյակ աղբյուրների, հասնում է մինչև ընդհանուր ընդունարանի անցակետ` КПП:

Դաշնակցականների ռուսական կապերը, լավագույն դեպքում, հիմնված են «ախրանկայից» մնացած պատմական ավանդույթների վրա, որոնք ժամանակակից պայմաններում հազիվ թե կարելի է կենսունակ համարել, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի «կաբավորը», ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների, Արա Աբրահամյանն է, ըստ չհրապարակվածի՝ Վալենտինա Մատվիենկոն՝ Սանկտ Պետերբուրգում հյուպատոս աշխատած Ռուբեն Հակոբյանի գծով: Իհարկե, հարց է՝ եթե անգամ վերջինս Մատվիենկոյին, ասենք, նամակ գրելու թույլտվություն ունի, ո՞ւմ անունը կնշի «հաղորդագրության» մեջ՝ ՀՅԴ-ի՞, թե՞ «Ժառանգության»:

Մի խոսքով, հրաշալի քառյակի բոլոր ուժերի լիդերների համեմատ՝ Արթուր Բաղդասարյանի կապը «հաղթանակի կենդրոնի» հետ շատ ավելի ուղիղ է ու չմիջնորդավորված: Դա, իհարկե, չի նշանակում, թե ցանկացած ժամանակ նա կարող է արժանանալ Պուտինի աուդիենցիային, սակայն Պուտինի աշխատասենյակին մոտ աշխատասենյակում հայտնվելու՝ Բաղդասարյանի հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան քառյակի ու նրանց հովանավորյալի շանսերը:

Ավելին՝ մամուլում տեղեկություններ են հրապարակվել, որ հաջորդ շաբաթ Արթուր Բաղդասարյանը մեկնելու է Մոսկվա և հանդիպելու է մեկ այլ Նիկոլայի՝ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ։ Երկու Նիկոլայների տարբերությունն այն է, որ Պարուշև Նիկոլայն ավելի մտերիմ հարաբերություն ունի Պուտինի հետ, քան Բորդյուժա Նիկոլայը:

Թե Նիկոլայներից որն ինչ է ասել կամ ասելու Արթուր Բաղդասարյանին, ցույց կտան առաջիկա իրադարձությունները: Ինչպես նաև քառյակի անդամների վերաբերմունքը ՕԵԿ-ի ու նրա նախագահի նկատմամբ:

Այսպիսով, Ռուսաստանը Հայաստանում ունի ոչ միայն իրեն հավատարիմ իշխանություն, ոչ միայն ավելի հավատարիմ ընդդիմություն, այլ նաև իբրև թե եվրոպամետ կուսակցություն՝ նրա նախագահով, որն անհրաժեշտության դեպքում ընդդիմությունից հայտնվում է իշխանության մեջ և՝ հակառակը:

Հասկանալի է, որ ռուսների կողմից սա ոչ միայն Հայաստանի ներքին խաղացողներին, այլ նաև Արմուտքին ուղղված ուղերձ է առ այն, թե որքան անշրջելի է Հայաստանի անդամակցությունն օրերս Պուտինի հռչակած «Ռուսական աշխարհին»՝ նժդեհականներով ու ազգայնականներով, սոցիալ-լիբերալներով ու նախկինում արևմտյան դեսպանների հետ քչփչացող եվրոպամետներով:

Մինչև անցած տարվա սեպտեմբերի 3-ը Հայաստանում գործում էր իբրև թե կոմպլեմենտար իշխանություն-ռուսական ընդդիմություն մոդելը: Սեպտեմբերի 3-ից հետո գործում է ռուսական իշխանություն-ավելի ռուսական ընդդիմություն մոդելը: Արդեն՝ նաև եվրոպական փաթեթավորմամբ:

Հ.Գ. Հայաստանի քաղաքական ու իշխանական համակարգի՝ վերը նշված պատկերը վիրավորական ու նվաստացուցիչ է իր անձնագիրն ու ՀՀ սահմանադրությունը հարգող ցանկացած, ամենաշարքային քաղաքացու համար: Սակայն սա է մեր իրականությունը, որին հասել են բոլոր հիմնական քաղաքական ուժերը՝ միմյանց դեմ պայքարի իմիտացիայով՝ «Դեպի Ապահով Հայաստան» խոստանալով, «Պայքար, պայքար մինչև վերջ»-ով, «Խոսքը գործ դարձնելով», «Մահ կամ ազատությունով»:

ՕԵԿ-ը, ի դեպ, 2013 թվականի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում էր «Մենք կարող ենք ավելին» կարգախոսով: Նրանք ընտրություններում չհաղթեցին, բայց հիմա ցույց են տալիս, որ կարող են անել ավելին՝ քան հրաշալի քառյակը: «Մահ կամ մաքսայնացում»-ի գծով, բնականաբար:

Տեսանյութեր

Լրահոս