Ո՞ւմ է քննադատելու ԲՀԿ-ն. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. «Քաղաքական ուժերը կողմնորոշվեցին։ Արդեն հստակ է, որ կառավարության անունն այս անգամ կոալիցիոն չի լինի։

Հայ հեղափոխական դաշնակցությանը, որ մինչև երեկ չէր բացառում կոալիցիայի մաս կազմելը և հայտարարում էր, որ վերջնական որոշում կկայացնեն ապրիլի 18–ին (այսօր) սպասվող ՀՅԴ Գերագույն ժողովի ժամանակ, իշխող կոալիցիան լքելու մասին «Օրինաց երկրի» հայտարարությունից հետո չսպասեց Գժ-ին և արդեն երեկ հայտարարեց, որ մաս չի կազմելու կոալիցիային։

Մինչ այդ էլ, հիշեցնենք, ԲՀԿ-ն էր հայտարարել, որ իրեն կոալիցիայի կազմում չի տեսնում։ Այդուհանդերձ, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն չեն բացառում նոր ձևավորվելիք կառավարության հետ որոշակի համագործակցությունը՝ հայտարարելով, որ ամեն ինչ կախված է այդ կառավարության ներկայացնելիք ծրագրից ու աշխատանքից։ Եվ ուրեմն, ինչու և ինչպես նման որոշումներ կայացվեցին։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործարար հատվածի ներկայացուցիչները մեզ հետ զրույցներում նշում են, որ կոալիցիա չմտնելու և պատասխանատվություն չստանձնելու որոշումը կայացրել է կուսակցության քաղաքական հատվածը, իսկ քննարկումների ընթացքի և այդ որոշման կայացման վրա շատ մեծ է եղել հատկապես ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի ազդեցությունը։

Ծառուկյանը կարծիք, բնականաբար, հարցրել է նաև մյուսներից, բայց նույն այդ գործարար հատվածը, հասկանալով, որ անիմաստ է այլ տեսակետ հայտնելը, պատասխանել է, թե հարգում է Ծառուկյանի որոշումը։ Վերջնական այղ որոշումից, սակայն, նրանք, ինչպես և սպասվում էր, խիստ դժգոհ են մնացել։

Մեզ հետ զրույցներում սույն անձինք հայտարարում են, որ իրենց պահանջն ի վերջո կատարվել է, վարչապետը փոխվել է, և դեռ ավելին, նշանակվել է այն անձը, ով ընդունելի է իրենց համար, ու եթե իսկապես ԲՀԿ-ն խնդիր ունի ինչ-որ բան երկրում փոխելու, ապա պետք է մտներ կոալիցիայի կազմ և պատասխանատվություն ստանձներ, ծրագրեր ներկայացներ, իրականացներ դրանք, վերցներ կոնկրետ ոլորտների պատասխանատվաթյուն և ապացուցեր, որ կարող է դրական զարգացումներ ապահովել։

Ըստ նրանց, սակայն, քննարկումների ժամանակ մյուսները հայտարարել են, որ եթե այժմ մտնեն կոալիցիայի կազմ, առաջիկա խորհրդարանական ընտրություններում ձայնի խնդիր են ունենալու, ուստի անհրաժեշտ է պահել ընդդիմադիր կեցվածքն ու պատրաստվել առաջիկա համապետական ընտրություններին։

Մյուս կողմից, սակայն, ինչպես նշում է գործարար հատվածը, իրենք չեն պատկերացնում, թե ինչպես են պահելու այդ ընդդիմադիր կեցվածքը ում են քննադատելու։ Սերժ Սարգսյանին ԲՀԿ-ն երբեք չի քննադատել ու անգամ չի համաձայնում նրա հրաժարականը պահանջել. Բարգավաճի թիրախը եղել է այլևս նախկին վարչապետ Տիգգրան Սարգսյանը, և գործարար հատվածը չի պատկերացնում ու չի էլ հավատում, որ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ով, հիշեցնենք, նաև իրենց կուսակցության առաջնորդի խնամին է, ԲՀԿ-ն կարող է քննադատել արմատական դիրքերից։ Համենայնդեպս, իրենք, ինչպես վստահեցնում են, նման բան չեն անի։

Որոշակի դոզայով քննադատություն ԲՀԿ-ի քաղաքական հատվածի կողմից, նրանք, իհարկե, հնարավոր են համարում, բայց ոչ երբեք իրական, արմատական քննադատություն։ Նրանք թերահավատորեն են մոտենում մյուս թևի հաշվարկին և նշում, որ եթե նույնիսկ այն իրականանա, սոցիալ-տնտեսական նայն գիծը շարունակելու դեպքում 2.5-3 տարի անց հանրապետությունում այլևս ոչինչ կարող է մնացած չլինել։ Մի խոսքով, կուսակցության կայացրած որոշումը Բարգավաճի զործարար շերտը սխալ է համարում։ Բայց ԲՀԿ-ն, ինչպես նաև մյուս քաղաքական ուժերը, այժմ մեկ գլխավոր խնդիր ունի՝ ճիշտ դիրքավորվել առաջիկա համապետական ընտրություններից առաջ»։

Մանրամասները «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930