Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ առաջին նիստը մեկնարկել է
Այսօր ՀՀ կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ծննդյան կապակցությամբ:
Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի ներկայացրած՝ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանի խոսքով՝ օրենքի նախագծով առաջարկվում է մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական ստաժում հաշվառել նաև մինչև 2003 թվականի օգոստոսի 1-ը նախկին ԽՍՀՄ հանրապետություններում աշխատած ժամանակահատվածները: Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն` նախագծի մշակման նպատակը 2003 թվականից հետո ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած` Վրաստանի Սամցխե-Ջավախք և Քվեմո-Քարթլի նահանգների հայազգի քաղաքացիներին մասնակի կենսաթոշակի իրավունք տալն է:
Ասատրյանը նշեց, որ ըստ էության, նախագծով առաջարկվում է կենսաթոշակային ապահովության բնագավառում իրականացնել խտրական քաղաքականություն, ինչն ընդունելի չէ ինչպես սոցիալական արդարության, այնպես էլ կենսաթոշակային քաղաքականության միասնականության տեսակետից, նաև նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացմանը, որի չափը հնարավոր չէ հաշվարկել:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նկատեց, որ սա բավականին զգայուն հարց է և պետք է Ազգային ժողովին «համոզել», որ այն օրակարգ չներառվի: