
Եթե ինձ ընտրեն, ապա ես կլինեմ ժողովրդական նախագահ. Էրդողան

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ դեռ որոշում չի կայացրել նախագահական ընտրություններում սեփական թեկնածությունն առաջադրելու մասին:
Էրդողանը հավելել է, որ եթե իրեն ընտրեն, ապա կօգտագործի իր բոլոր սահմանադրական լիազորությունները. «Եթե ինձ ընտրեն, ապա ես կլինեմ ժողովրդական նախագահ, ով կօգտագործի իր բոլոր հնարավորությունները: Ընտրվելու դեպքում նախագահն ինքնաբերաբար դառնում է գործադիր իշխանության մասնիկ»:
Թուրքիայում նախագահական ընտրություններն անցկացվելու են օգոստոսի 10-ին, իսկ հնարավոր երկրորդ փուլը՝ օգոստոսի 24-ին: Թուրքիայի նախագահին առաջին անգամ ընտրելու է ոչ թե երկրի խորհրդարանը, այլ՝ ժողովուրդը՝ 5 տարի ժամկետով: Թուրքիայի գործող նախագահ Աբդուլլահ Գյուլի լիազորությունների ժամկետն ավարտվում է այս տարվա օգոստոսի 28-ին: