
Ուկրաինայի ճգնաժամը կարող է վերաճել զանգվածային արյունահեղության. Ֆյուլե

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Եվրախորհրդարանի պատգամավորների առաջ ունեցած իր ելույթում հայտարարել է, որ Ուկրաինայի ճգնաժամը կարող է վերաճել զանգվածային արյունահեղության, ինչը չի բխում ո՛չ ԵՄ-ի, ո՛չ էլ Ռուսաստանի շահերից.
«Ռուսաստանի ու ԵՄ-ի շահերից է բխում եվրոպական մայրցամաքում բռնություններից ու արյունահեղությունից խուսափելը, որոնք կարող են թևակոխել անվերահսկելի փուլ: Մեր ընդհանուր շահերից է բխում եվրոպական մայրցամաքում կայունության, բարգավաճման ու ժողովրդավարական ընդհանուր գոտու ստեղծման ուղղությամբ համատեղ աշխատելը»:
Ֆյուլեի խոսքերով՝ մոտակա օրերին Ուկրաինայի իրադարձությունների զարգացումը ցույց կտա, թե ինչ ընտրություն է կատարել Ռուսաստանը: Ֆյուլեն հերթական անգամ հիշեցրել է, որ ԵՄ-ը պատրաստ է Ուկրաինայի հետ ստորագրել Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը՝ ընդգծելով, որ նման հնարավորություն կստեղծվի շուտով՝ մայիսին պլանավորված Ուկրաինայի նախագահական ընտրություններից հետո:
Ֆյուլեն անդրադարձել է նաև Եվրոպայի էներգետիկ անվտանգության խնդրի կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից եվրոպական 18 երկրի և 5 գործընկեր երկրի առաջնորդներին նամակ հղելուն՝ ընդգծելով, որ դա վկայում է տվյալ թեմայի կարևորության մասին.
«Էներգետիկ ոլորտում Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները կառուցվում են փոխադարձ կախվածության հիման վրա. Եվրոպան ռուսական գազի ու նավթի համար խոշորագույն շուկան է»: