Շանթենց գործը 12 հատոր է. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է.

Արդեն 13 օր է, ինչ ավարտվել է անցյալ տարի նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերի գործով նախաքննությանը։ 12 հատորից բաղկացած նյութերից կողմերը այժմ ծանոթանում են 6– ին։ Նախաքննական մարմինը պետք է տրամադրի նաև մյուս հատորները, ինչպես նաև ձայնագրություններ։ Ըստ որոշ տեղեկությունների, գործը դատարանում կլինի մայիսի 5-ին։ Երեկ մեր զրույցում սույն գործով կալանավորված Ավետիս Ավետիսյանի պաշտպան Կարեն Քալանթարյանը ասաց, որ գործի նյութերի ծավալը բավական մեծ է. «Հիմա մեզ տվել են 6 հատորը, որպեսզի ժամանակ չկորցնենք և ծանոթանանք նյութերին, մինչև այս երկու օրը կտրամադրեն նաև մյուս կեսը։ Իրենց ասելով՝ ամբողջությամբ գործի նյութերը բաղկացած են մոտ 12 հատորից։ Ես չեմ կարող ասել, թե գործը երբ կուղարկվի դատարան»,– ասաց պաշտպանը։ Մեր հարցին, թե այս պահին նա միջնորդություններ ունի՞ ներկայացնելու, թե՝ ոչ, Քալանթարյանը պատասխանեց. «Հնարավոր է նաև միջնորդություն անեմ այս փուլում և հնարավոր է նաև, որ դա հետաձգման պատճաո չհանդիսանա դատաքննության ընթացքում։ Չի բացառվում, որ նման միջնորդության գաղափարի մասին խորհրդակցեմ մյուս պաշտպանների հետ և ընդհանուր մի հայտարարի գանք, և բոլորս միասին միջնորդություն ներկայացնենք։ Ես սույն գործի հետ կապված լրիվ ուրիշ հարց եմ ուզում քննարկման առարկա դարձնել, հուսամ, որ այդ առարկան, կոնկրետ խնդիրը, որը ես կառաջարկեմ քննարկել նախաքննության մարմնի մտքով բացարձակապես չի անցել»։ Մեր հարցին, թե ի՞նչ խնդրի եւ ի՞նչ միջնորդության մասին է խոսքը, փաստաբան Կարեն Քալանթարյանը ասաց, որ առայժմ չի կարող ասել։ Նշենք, որ Ավետիս Ավետիսյանի մեղադրանքը վերաորակվել Է ՀՀ ՔՕ 258 հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի գործադրմամբ՝ պատիժը 4-7 տարվա ազատազրկում)։ Փաստաբան Քալանթարյանը ասաց, որ թե՛ ինքը և թե՛ իր պաշտպանյալը, օգտվելով իրենց դատավարական իրավունքից, հրաժարվել են ցուցմունքներ տալուց թե նոր մեղադրանքի և թե նախկին՝ ՀՀ ՔՕ 316 հոդվածի վերաբերյալ։ «Մենք ընդհանրապես որևէ դիրքորոշում չենք հայտնեյ, ձեռնպահ ենք մնացել։ Մենք կգնանք, ամեն ինչը դատաքննության ընթացքում կպատմենք։ Ես կարծում եմ, որ այս գործի շրջանակներում այդպես է ճիշտ։ Մենք կստանանք մեղադրական եզրակացությանը, որտեղ նշված կլինի, թե Ավետիս Ավետիսյանը ինչ գործողություն է կատարել, ում նկատմամբ է խուլիգանություն կատարել։ Հիմա ես չեմ կարող ասել նաև, թե նախաքննական մարմինը կկարողանա հիմնավորել նոր մեղադրանքը, թե ոչ»,– մեր հարցին պատասխանեց Կարեն Քալանթարյանը։ Նա նաև նշեց, որ կոնկրետ փորձաքննություններ իր պաշտպանյալի գործով չեն նշանակվել, առերեսումներ չեն եղել, քանի որ կտրականապես հրաժարվել են հարցաքննվել։ Պատասխանելով մեր հարցին, թե վստահություն կա՞ դատարանի նկատմամբ սույն գործի վերաբերյալ, պաշտպանը նշեց, որ եթե պայքարեն, ապա ինչ-որ բանի հաստատ կհասնեն. «ՀՀ ՔՕ 316 հոդվածը իրենից ամեն դեպքում վտանգ ներկայացնում էր, բայց դե ՀՀ ՔՕ 258-ն էլ լավ հոդված չէ, ամեն դեպքում, եթե մենք փորձենք հասկանալ գոնե, թե ի՞նչ է տեղի ունեցել, ի՞նչն է եղել հիմնական պատճառը, ապա մենք բավական լուրջ արդյունքներ կունենանք։ Համենայնդեպս, ես հակված եմ բավականին լավատեսորեն մոտենալ դատական համակարգի նկատմամբ։ Նախ՝ ինքը հնչեղություն ունեցող, ուշադրություն հրավիրող գործ է, և ես չեմ կարծում, որ դատարանը հակառակ բան ասի։ Պետք է փորձենք ապացուցել»,– մեր զրույցում եզ րափակեց Ավետիս Ավետիսյանի պաշտպանը։ Սույն գործով կալանավորված Ալբերտ Մարգարյանի և Վահե Մկրտչյանի (վերջիններիս մեղադրանքին ՀՀ ՔՕ 316-ին ավելացվել է ՀՀ ՔՕ 258 հոդվածը– հեղ.) պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանն էլ ասաց, որ առայժմ ծանոթանում է գործի նյութերին, և նրա խոսքով, ապրիլի վերջին գործը մեղադրական եզրակացությամբ կուղարկվի դատարան։ «Պետք է լրիվ ծանոթանանք, մեղադրյալների և պաշտպանների հետ զրուցենք նոր կորոշենք այս փուլում միջնորդություններ ներկայացնե՞նք, թե ոչ։ Իմ պաշտպանյալները ոչ ՀՀՔ0 316–ով և ոչ էլ 258 հոդվածով իրենց մեղավոր չեն ճանաչում։ Փաստորեն ծանր վիճակ ստեղծվեց մեզ համար, և դատարանում կփորձենք հիմնավորել, որ ոչ միայն դիմադրություն չի եղել, այլև խուլիգանություն էլ չկա. իրենք են սադրել այդ ամեն ինչը, և դրա հետևանքով է այս ամենը առաջացել»»,- ասաց փաստաբան Լյուդվիգ Ավետիսյանը։

Մանրամասները՝ «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս