ՆԱՏՕ-ն չի քննարկում ռազմական պատասխանի հարցը՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ. Ռասմուսեն
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն չի քննարկում Ուկրաինայում տիրող իրավիճակին ռազմական պատասխան տալը՝ հույս դնելով դրա քաղաքական ու դիվանագիտական կարգավորման վրա:
Այս մասին ԵՄ-ի երկրների պաշտպանության նախարարների հետ հանդիպումից առաջ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
Նա ընդգծել է, որ թեև իրենք ճիշտ են համարում հարցի քաղաքական ու դիվանագիտական կարգավորումը գտնելը, այնուամենայնիվ, դրա հետ մեկտեղ կենտրոնացած են իրենց դաշնակիցների պաշտպանությունն ամրապնդելու վրա:
Ռասմուսենի խոսքերով՝ Ռուսաստանը մեծապես ներգրավված է Ուկրաինայի վերջին զարգացումներում: Նա Ռուսաստանին կոչ է արել նվազեցնել ճգնաժամի լարվածությունը, զորքերը հետ քաշել Ուկրաինայի հետ սահմանից, դադարեցնել Ուկրաինայում իրավիճակի անկայունացումը: