Դանդուռ բանջարանոցային
Բուժիչ նամակներ
Ըստ հավատալիքի` անկողնու մեջ դրված թարմ դանդուռը հեռացնում է երազի հետ «եկող» չար տեսիլքները։
Դանդուռազգիների ընտանիքի գիտական անվանումը (Portulacaceae) կապված է պտղի կառուցվածքի հետ, որն ունի դռան փեղկը հիշեցնող լայնակի ճեղք։
Հետաքրքիր է իմանալ, որ բույսն ունի նաև երկրորդ գիտական անվանումը` «Dandur»։
Դանդուռ բառը բազմաքայլ է. բաղկացած է «դան»=հատիկ և «դուռ» բառերից։
Բույսի հայրենիքը հայտնի չէ, սակայն առնվազն 3000 տարի առաջ օգտագործվել է սննդի մեջ Արևմտյան Հնդկաստանում։
Հին եգիպտացիները պատկերել են հիերոգլիֆների վրա և, բնականաբար, նույնպես օգտագործել են սննդի մեջ։
Գտնվել են հին ասորական պատմական նյութեր, որոնցում նկարագրված են դանդուռի բուժիչ հատկությունները և դեղատոմսերի պատրաստման եղանակները։
Հիպոկրատը, Պլինիուսը և այլ իմաստասերներ խորհուրդ են տվել օգտագործել բույսի տերևից և սերմից ստացված պատրաստուկներն աչքերի հիվանդությունների, գլխացավի, ներքին օրգանները մաքրելու համար։
Արաբական մշակույթում դանդուռն անվանվում է «օրհնված տերևաբանջար», քանի որ, ըստ ավանդազրույցի` Մահմեդ Մարգարեի վերքերը բուժվել են բույսի տերևների հպումից, երբ նա քայլել է մարգագետնի վրայով։
Դանդուռի բուժիչ հատկությունների մասին իմացել են նաև միջնադարյան Եվրոպայում։ Բժիշկ Օդոն` կելտաբնակ Մեն կղզուց, գրել է. «Տրորած խոտով թրջոց դրեք այտուցված աչքերին։ Ամառվա շոգի ազդեցությունը կմեղմվի, եթե ուտեք թարմ տերևը, կօգնի նաև միզապարկի ցավերի դեպքում»։
Ամիրդովլաթ Ամասիացին խորհուրդ է տալիս. «Եթե դանդուռի եփուկով լվանան մազերը, կվերանա թեփը։ Սերմերի եփուկն օգնում է սրտխփոցների դեպքում։ Դանդաղեցնում է լուծը։ Օգնում է միզածորանի և աղիներ բորբոքումների դեպքում։ Սերմերը վերացնում են բերանի ցանը։
Թարմ հյութը ճիճվաթափ հատկություն ունի և հագեցնում է ծարավը։ Սերմերի կաթնահյութը խմելը կօգնի տաք ուռուցքների ապաքինմանը, բայց վնասակար է աչքի համար։ Դրա վնասակար ներգործությունը չեզոքացնում է մաղադանոսը, իսկ փոխարինել կարող է մարոլը»։
Անգլիայում Ելիզավետա Ա թագուհու օրոք (1550-1603թ.) դանդուռը մեծ տարածում է ունեցել, պահպանվել են տեղեկություններ այն մասին, որ դանդուռից պատրաստել են թթու և մարինադ։ Բույսի տերևներն օգտագործել են` ինչպես սպանախը կամ թելուկը։ Ֆրանսիացիները դանդուռից պատրաստել և պատրաստում են համեղ, վիտամիններով հարուստ աղցան։ Մերձավոր Արևելքում թարմ և չորացրած դանդուռով համեմված աղցաններն այնքան տարածված են, որ ստացել են հատուկ «ֆատտուշ» անվանումը։ Դանդուռն ավելացնում են նաև բանջարեղենային ապուրի, մայոնեզի, ձկով և մսով պատրաստված ուտեստների մեջ։
Քիմիական բաղադրությունը և օգտակար հատկությունները
Դանդուռ բանջարանոցայինը (Portulaca oleraceae) միամյա բույս է, տարբերում են երկու ենթատեսակ` P. sylvestris, որի ցողունը գետնատարած է, և P. sativa, որի ցողունն ուղղաձիգ է։ Ցողունի երկարությունը (բարձրությունը) 10-30 սմ է։ Տերևներն ունեն հերթադիր դասավորություն, նստադիր են, երկարավուն սեպաձև հյութեղ տերևաթիթեղով։ Ծաղիկներն անութային են, աճում են փնջերով։ Բաժակաթերթերը հյութեղ են, պսակաթերթերը` մոտ 10 մմ երկարությամբ, դեղնավուն։ Մշակվում է Մերձավոր Արևելքի և Հարավային Եվրոպայի երկրներում։
ՀՀ բնական պայմաններում տարածված է Կոտայքի, Արարատի, Արմավիրի մարզերում, ամենուր` նախալեռնային գոտիներում` որպես մոլախոտ։
Պարտեզների ձևավորման համար` գորգային ծաղկաթմբեր, ծաղկամարգեր և այլն լայնորեն օգտագործվում է դանդուռ խոշորածաղիկը (P. grandiflora), որի հայրենիքն է Հարավային Ամերիկան։ Ծաղիկները լիաթերթիկ են, սպիտակ, դեղին, վարդագույն, կարմիր և այլ գույների։
Բացվում են միայն արևոտ եղանակի ժամանակ։ Ծաղկում է հունիսից մինչև սառնամանիքները։
Դանդուռ բանջարանոցայինը հարուստ է օգտակար նյութերով, պարունակում է. 86,6% ջուր, 1,8%-2,2% ազոտական նյութեր, 2,2%-6,5% ազոտազուրկ նյութեր, 1,2% բջջանք, 2% սպիտակուցներ, 2,4% լորձանյութ և բուսական խեժ։
3,4% ածխաջրեր, այդ թվում` գլյուկոզա, ֆրուկտոզա, սախարոզա և այլ շաքարներ։
0,4% ճարպեր, այդ թվում` ալֆա-լինոլենային թթու և այլն։ Կարոտինային նյութեր` բետա-կարոտին և լյուտեին։
B1, E, K, PP և C (70-300 մգ` 100 գ հումքի մեջ) վիտամիններ, ֆլավոններ։
Կալիում-494 մգ, նատրիում-45 մգ, կալցիում-65 մգ, մագնիում-68 մգ, երկաթ-2 մգ, ցինկ, մարգանեց և այլն։
Օրգանական թթուներ, ստերոիդներ, 0,3 % ալկալոիդներ, սապոնին, ֆենոլկարբոնային թթուներ, գլիկոզիդներ, մուգ կարմիր գույնի ներկանյութ, նորադրենալին։
Սերմը պարունակում է ածխաջրեր, ճարպաթթուներ, օլենի, պալմիտինի, լինոլի և այլն։
Լինգաններ։ Լինգանը չեզոքացնում է ռադիոնուկլիդների ազդեցությունը։
1849 թ. Կալիֆոռնիայի ոսկու հանքերում աշխատող 10 000 բանվորների շրջանում տարածվել է լնդախտ հիվանդությունը, ողջ են մնացել միայն նրանք, ովքեր դանդուռ են կերել։ Բույսին տրվել է «հանքափորի մարոլ» անվանումը։
* Ապացուցված է, որ բույսից ստացված պատրաստուկների ներերակային ներարկումն ուժեղացնում է սրտի ռիթմերը, նեղացնում արյունատար անոթները և բարձրացնում ճնշումը։ Նման ազդեցություն ունի բույսի մեջ պարունակվող նորադրենալինը։
Որպես բուժահումք են հանդիսանում սերմերը և թարմ հավաքած կանաչ զանգվածը։
- Դանդուռը խորհուրդ է տրվում ուտել 2-րդ տեսակի շաքարային դիաբետի նախնական փուլում։
- Մանրացրած սերմի խառնուրդը մեղրի հետ (1։1) նվազեցնում է ասթմայի նոպաների հաճախականությունը։
Խոտի թուրմը խորհուրդ է տրվում խմել լյարդի և երիկամների հիվանդությունների դեպքում` որպես միզամուղ, իսկ մկանների ջղակծկումների դեպքում թրջոց դնել։
- Փոշիացրած սերմով թրմված երեսնակ բժշկականի գոլացրած յուղը (1։20) օգտագործվում է փսորիազի սրացումները կանխարգելելու համար։
- Տերևի հյութը հանգստացնում է միջատների խայթոցների հետևանքով առաջացած քորը։
- Թարմ կամ մարինացված դանդուռը կարգավորում է թրոմբոցիտների առաջացման գործընթացը, ինչի շնորհիվ լավանում է արյան շրջանառությունը։ Խորհուրդ է տրվում համեմել բուսայուղով, տնական քացախով, սխտորով։
Զգուշացում։ Խորհուրդ չի տրվում ուտել հիպերտոնիկ հիվանդության դեպքում։
Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: