Ադրբեջանի անվտանգության ու պաշտպանության ոլորտի կորուստներն այս տարի կազմել են 28 մարդ. «Դոկտրինա»
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի անվտանգության ու պաշտպանության ոլորտի կորուստներն այս տարի կազմել են 28 մարդ: Եվս 36 զինծառայող վիրավորվել է կամ վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտարարել է «Դոկտրինա» լրագրողական ռազմական հետազոտությունների կենտրոնը:
«Դոկտրինայի» ղեկավար Ջասուր Սումերինլին հայտարարել է, որ 9 մարդ զոհվել է մարտական պայմաններում, որոնցից 6-ը զոհվել է հայկական կողմի արձակած կրակոցների հետևանքով, իսկ մնացյալ 3-ը՝ ականների վրա պայթելու հետևանքով:
Ինչ վերաբերում է ոչ մարտական կորուստներին, ապա 3 զինծառայող զոհվել է ավտովթարների հետևանքով, 1-ը՝ անհայտ պատճառով, 3-ը՝ ոչ կանոնադրական փոխհարաբերությունների հետևանքով, 3-ը մահացել են հիվանդություններից, 9-ը ինքնասպանություն են գործել (կրակելու կամ կախաղանի միջոցով):
Վիրավորներից 4-ը բաժին են ընկել հայկական կողմից արձակված կրակոցներին, իսկ 8-ը պայթել են ականների վրա: 13 զինծառայող վիրավորվել է ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով, 3-ը՝ ինքասպանության փորձ ձեռնարկելիս, 6-ը՝ ավտովթարների հետևանքով, 1-ը թունավորվել է:
Վիրավոր ու վնասվածք ստացած զինծառայողների մեծ մասն արդեն իսկ վերադարձել է ծառայության վայր: «Դոկտրինա» կենտրոնը կարծում է, որ, առանց համալիր միջոցառումներ ձեռնարկելու, անհնար կլինի ոչ մարտական կորուստները կանգնեցնելը:
Դրա հետ կապված՝ կենտրոնն առաջարկում է ճշգրիտ վիճակագրություն վարել՝ հասարակությանն իրազեկելով յուրաքանչյուր զինծառայողի զոհվելու կամ վիրավորվելու մասին: Ընդ որում, զինդատախազությունն ու ՊՆ-ի ներքին հետաքննության վարչությունը պետք է աշխատեն թափանցիկ: