Երևանում տեղի ունեցած ավազակային հարձակումները բացահայտվել են
Մարտի 31-ին, ժամը 04.57-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ահազանգ էր ստացվել, որ դիմակով և զենքով մտել են Նորագավիթ թաղամասի բենզալցակայան, աշխատողներից պահանջել գումար և վերցնելով պատուհանափեղկի վրա եղած գումարը` դիմել փախուստի:
Նշված ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով ապրիլի 10-ին բերման են ենթարկվել Մանուկ Ա.-ն, Արտավազդ Դ.-ն, Էրիկ Հ.-ն (երեքն էլ 1993 թ. ծնված), 1982 թ. ծնված Մանուել Գ.-ն և 1995 թ. ծնված Արաքս Մ.-ն:
Արտավազդ Դ.-ն խոստովանել է, որ մարտի 31-ին, ժամը 04.15-ին, ինքը և Մանուկ Ա.-ն մուտք են գործել Նորագավիթի 1-ին փողոցի թիվ 2/5 հասցեում գտնվող բենզալցակայան և զենքի սպառնալիքով` լիցքավորողներից հափշտակել 5.000 դրամ:
Բացահայտվել է նաև նշված դեպքից մեկ օր առաջ կատարված մեկ այլ ավազակային հարձակում. մարտի 30-ին, ժամը 15.10-ին, Երևանի Արցախի փողոցում գտնվող բենզալցակայանի հերթափոխի պետը ահազանգել էր ոստիկանություն, որ գիշերը, ժամը 04.20-ից մինչև ժ.04.30-ն ընկած ժամանակահատվածում դիմակավորված անձը մուտք է գործել բենզալցակայան և ատրճանակի սպառնալիքով` լիցքավորողներից հափշտակել 32.000 դրամ:
Արտավազդ Դ.-ն խոստովանել է, որ մարտի 30-ին, ժամը 04.20-ից մինչև ժամը 04.30-ն ընկած ժամանակահատվածում, ինքը, Էրիկ Հ.-ն և Մանուկ Ա.-ն դեռևս չպարզված «ՎԱԶ-2107» մակնիշի տաքսի ծառայության ավտոմեքենայով գնացել են Արցախի պողոտայի թիվ 23/5 հասցեում գտնվող բենզալցակայանի հարակից շենքերից մեկի բակ, որտեղ Մանուկ Ա.-ն և Էրիկ Հ.-ն մնացել են մեքենայում, իսկ ինքը նախապես իր հետ վերցրած գազային ատրճանակով և դիմակավորված` մուտք է գործել բենզալցակայան և զենքի սպառնալիքով լիցքավորողներից հափշտակել 32.000 դրամ:
Ձեռնարկվում են միջոցառումներ դիմակը, ատրճանակը և տաքսի ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Էրեբունու բաժին:
ՀՀ Ոստիկանություն