Բաժիններ՝

Ռուբեն Բաբայան. «Մենք ունենք հակամշակութային մթնոլորտ մեր երկրում»

«Մտավորականը ո՞րն է: Չենք տարբերում` մտավորական է, մտավորական չէ: Ընդհանրապես, ով բարձրագույն կրթություն ունի, ով մի 15 գիրք է կարդացել  մտավորական է կոչվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ճարտարապետ Լեւոն Իգիթյանը: Նա նոր կառավարությունից մի բան է ուզում. «Որ այդ տարբերությունը տեսնեն, իսկ եթե տեսնեն, մտավորականությանը մի քիչ ավելի հաշվի առնեն: Երբ ասում են մտավորականությունն ինչո՞ւ է իրեն հեռու պահում. նա իր գործով է զբաղվում: Հեռու պահելը ո՞րն է: Ինչ անենք, դանակ-մկրատ սրողների նման փողոցներում ման գանք, ասենք` մենք ձեզ պետք չե՞նք: Եթե պետք ենք, հրավիրեք, ձեռք մեկնեք, մենք չենք գնալու իրենց դուռը, իրենք պետք է գան մեր դուռը: Եթե մենք մտավորական ենք»:

Լ. Իգիթյանը հիշեցրեց պատմությունը. «Բոլոր ժամանակներում, բոլոր թագավորների կողքին մտավորականները կային, եւ թագավորն էր իրենց հրավիրում` ասելով, եկեք զրուցենք: Չէր ասում խորհուրդ տվեք ինձ: Վերնագիրը կարեւոր չի»:

Ճարտարապետը երբեմն-երբեմն ինքն իրեն ինձ հարց է տալիս. «Հրավիրեցին այսինչ ակումբ, այնինչ ակումբ, ինչ-որ հարցազրույց լրագրողների հետ (ճիշտն ասած, ինչքան հնարավոր է՝ խուսափում եմ): Հետո մտածում եմ` սա ինչի՞ համար էր: Ենթադրենք ասեցինք, հետո՞: Եթե սա պետք է, արդյունքն ու հետեւանքները չենք տեսնում: Եթե պետք չի, ինչո՞ւ եք մեզ կանչում: Այդ հարցն անընդհատ կա»:

«Մշակույթ հասկացողությունը կա, գոյություն ունի: Կա մշակութային համամարդկային հարթակ, բեմ, կոպիտ ասած, շուկա: Մենք լավ ուսումնասիրե՞լ ենք համամամարդկային այդ դաշտը: Եթե այո, պարզել ե՞նք (մենք որպես ժողովորդ) մեզ համար, որ շուկայի համար մենք ի՞նչ ունենք հրամցնելու»,- ասաց Լ. Իգիթյանը:

Տիկինիկային թատրոնի  գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը չհամաձայնեց ճարտարապետի այն տեսակետի հետ, որ «ասում ենք, լսող չկա». «Ես կարծում եմ՝  մեզ մոտ ինչ-որ սխալ մոտեցում է գալիս, երբ մենք մտածում ենք, որ մեզ պետք է լսի կառավարությունը, եւ, հիմնականում, մեր խոսքն ուղղում ենք կառավարությանը: Ինչո՞ւ: Մտավորականի խոսքը պետք է ուղղղված չլինի կառավարությանը, այլ հասարակությանը: Այ հասարակությունը պետք է ազդի կառավարության վրա, որպեսզի նա կատարի այն, ինչ որ պետք է: Երբ մենք մեր խոսքի ուղղվածությունը սահմանափակում ենք կառավարությունով, մենք շատ նեղ ենք ընկալում ինքներս մեզ: Այդ տեսակետից ես, ճիշտն ասած, դժգոհություն չունեմ, որովհետեւ այն բոլոր հնարավորությունները, որ ունենում եմ` շփվելու հասարակության հետ, համարում եմ, որ ես ասում եմ եւ որոշակի արձագանք  ստանում եմ հասարակությունից: Իշխանությունն արձագանքո՞ւմ է դրան, թե՞ չի արձագանքում, կարծում եմ` դա, առաջին հերթին, իր խնդիրն է: Եթե արձագանքում է, լավ է: Եթե չի արձագանքում, վատ է, մենք ունենում ենք այն, ինչ ունենք»:

Ռ. Բաբայանն ասաց, որ մենք կարող ենք ունենալ բազմաթիվ մշակութային հաջողություններ, ունենք դա (ե´ւ միջազգային ասպարեզում, ե´ւ այստեղ), բայց մենք ունենք հակամշակութային մթնոլորտ մեր երկրում. «Այ սա, ինձ համար շատ ավելի մտահոգիչ է, քան այն բոլոր հաջողությունները, որ ունենք: Դրանք, իհարկե, լավ են, բայց ընդհանուր քաղաքակիրթ մթնոլորտն ինձ ավելի է անհանգստացնում, որովհետեւ կարծում եմ՝ մշակույթը չի կարող լինել հանուն մշակույթի: Այն ինչ-որ մենք անում ենք չի կարող լինել միայն մեր նեղ շրջանակի համար, միայն մեր նեղ ուրախությունների համար: Եթե նա չունի ելք դեպի հասարակություն, եթե նա չի ազնվականացնում մարդուն, եթե նա չի ազնվականացնում մեր հարաբերությունները, ապա, կներեք, մեր արածը գրոշի արժեք չունի»:

Անի Քեշիշյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս